Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն անդրադարձել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությանը, որտեղ նա նշել էր, որ հիանում է, թե ինչպես է Թուրքիան կարողացել Ալժիրում մոռացության տալ այդ երկրում իր ունեցած դերակատարումը՝ ակնարկելով, որ ավելի վաղ շրջանում Ալժիրը եղել է Օսմանյան կայսրության տիրապետության տակ:
Թուրքիայի արտգործնախարարն ասել է, որ ի տարբերություն Ֆրանսիայի` Թուրքիայի պատմության մեջ չի եղել այն սեւ բիծը, որը կոչվում է «գաղութատիրություն»:
Ըստ Չավուշօղլուի՝ Անկարան դրական է գնահատում Ֆրանսիայի քայլերը, որոնք ուղղված են սեփական «գաղութատիրական» անցյալի հետ առերեսվելուն: Միաժամանակ նա Մակրոնի խոսքերը եւ այդ թեմայի մեջ Թուրքիային ներքաշելու փորձերը կոպիտ սխալ է համարել։
Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հավելել է, որ Թուրքիայի հետ ոչ թե մամուլի միջոցով, այլ ուղիղ պետք է խոսել: Չավուշօղլուն ակնարկել է, որ Մակրոնի վերոնշյալ հայտարարությունը պայմանավորված է Ֆրանսիայում սպասվող ընտրություններով: