Մեղրիից Քաջարան ճանապարհին զանգ ստացա լրագրող իմ գործընկերուհուց: Հարցրեց՝ տեղյա՞կ ես, որ եվրոպական ինչ-որ մայրաքաղաքում հայ եւ ադրբեջանցի փորձագետների ու ՀԿ-ների հանդիպում է եղել: Հարցի տոնայնությունից հասկացա՝ մտածել են, թե ես էլ էի հրավիրված այդ հանդիպմանը: Ասացի՝ տեղյակ չեմ, քեզնից եմ լսում:
Մոռացա այս խոսակցության մասին եւ միայն երեկ երեկոյան մի հարցազրույցից պատահաբար իմացա, որ Եվրոպայում արդեն երկրորդ հանդիպումն է եղել հայերի ու ադրբեջանցիների միջեւ, եւ երկուսին էլ մասնակցել են Հայաստանը 20 տարի ղեկավարած ՀՀԿ-ական կարկառուն ներկայացուցիչներ, այդ թվում՝ Արմեն Աշոտյանը: Երկրորդ հանդիպմանը մասնակցել է նաեւ «Լուսավոր Հայաստանի» առաջնորդ Էդմոն Մարուքյանը: Պարոն Մարուքյանն էր լրագրող Կարպիս Փաշոյանին պատմում ադրբեջանցիների հետ հանդիպման մանրամասները:
Հոկտեմբերի առաջին օրերին Հայաստանում գերմանական Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի տրամադրած դրամաշնորհով խորհրդաժողով էր կազմակերպել ՀՀԿ-ն, որին մասնակցեց եւ բացման խոսք ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
Հիմա պատկերացրեք, թե ինչ թուքումուր էին թափելու հանրապետականներն ու երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շվաքի տակ գործող կուսակցությունները, եթե այդ հանդիպումներին մասնակցած լինեին իշխող ուժի ներկայացուցիչները (պարզվում է՝ հրավեր ստացել են, բայց չեն գնացել) կամ քաղհասարակության ներկայացուցիչները: Խորհրդարանի ամբիոնից ու իրենց լրատվամիջոցներով՝ է՜լ սորոսական, է՜լ դավաճան, է՜լ Հայաստանը թուրքացնող… Բայց երբ իրենք են գնում եւ երկխոսում կամ խոսում, իրականում՝ կռիվ տալիս ադրբեջանցիների դեմ, դա հայրենասիրության ու ազգային շահը պաշտպանելու պատմական օրինակ է:
Կասկած չունեմ, որ պարոն Աշոտյանն ու Մարուքյանը եւ հայ-ադրբեջանական հանդիպման մյուս հայ մասնակիցները (անունները չգիտեմ) կռիվ են տվել, խոսել Բաքվի բանտերում պահվող հայերին րոպե առաջ ազատելու, ադրբեջանա-թուրքական վերջին ագրեսիայի, խաղաղ բնակավայրերի հրթիռակոծման, խաղաղ բնակիչներին սպանելու եւ բոլոր մյուս պատերազմական հանցագործությունների մասին:
Ինքս՝ որպես լրագրող ու Արցախյան հակամարտությանը եւ Հայաստան-Թուրքիա շփումներին 30 տարի հետեւող փորձագետ, բազմիցս եմ մասնակցել նման հանդիպումների (նաեւ բազմիցս եմ հրաժարվել նման հանդիպումներից, քանի որ օրակարգը եղել է անընդունելի ինձ համար) եւ հասկանում եմ, թե ինչ պատասխանատու գործ ես անում՝ անկախ նրանից՝ Հայաստանի օրվա իշխանությունների հետ ինչ հարաբերություններ ունես, եւ ինչպիսին են այդ իշխանությունները:
Այստեղ մենք գործ ունենք քաղաքական երկերեսանիության հետ: Ռոբերտ Քոչարյանն ու նրանից սնվող լրատվամիջոցները պիտակավորում են իշխանություններին, քաղհասարակության ներկայացուցիչներին, լրագրողներին ու փորձագետներին, որոնք դրամաշնորհ են ստանում եւ խոսում թուրքի ու ադրբեջանցու հետ կամ ժողովրդավարությանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, բնապահպանությանը նվիրված ծրագրեր իրականացնում: Քոչարյանի շվաքի տակ գտնվող բազմաթիվ գործիչներ ու լրատվամիջոցներ ժամանակին հարյուր հազարավոր դոլար դրամաշնորհներ են ստացել, բայց այսօր նրանք ոչ միայն համեստաբար լռում են, այլև մարդկանց մեղադրում գրանտակերության մեջ:
ԱԱԾ նախկին տնօրեն, ժամանակին Նիկոլ Փաշինյանին ամենահավատարիմ Արթուր Վանեցյանն է խոսում գրանտակերների մասին: Հարգարժան պարո՛ն Վանեցյան, Դուք պատմեք, խնդրեմ, ասել եք, որ մի օր կպատմեք, թե Դուբայում ադրբեջանցի Ձեր կոլեգայից ծրարով ի՞նչ եք ստացել: Խնդրեմ, բացե՛ք ծրարի բովանդակությունը ու պատմե՛ք հայ ժողովրդին, թե Ալիեւը որքան գումար է առաջարկել 7 շրջանները ստանալու համար, եթե դա իրականության հետ կապ ունի: Ձեր խոսքի արժեքը հենց դա կլինի եւ ո՛չ «Ղրիմը մերն է» կամ այլ ռուսահաճո խոսք, որին ոչ մի լուրջ ռուս ուշադրություն չի դարձնում:
ՀՅԴ-ի «Երկիր Մեդիա»-ն որքա՞ն գումար է ստացել «Բաց հասարակության հիմնադրամներից»: Իմ ունեցած տվյալներով՝ շուրջ 250 հազար ԱՄՆ դոլար: Որքա՞ն գումար է ստացել «Եվրասիա» հիմնադրամից՝ Հայաստան-Թուրքիա ծրագրերի շրջանակում՝ 2008-2010 թվականներին, երբ ակտիվ փուլում էր ֆուտբոլային դիվանագիտությունը: Հստակ գումարը չգիտեմ, բայց գիտեմ՝ տասնյակ հազարներ: ՀՀԿ-ականներն ու քոչարյանականները, որ այսօր սորոսացավով են վարակվել, ժամանակին Ջորջ Սորոսի հիմնադրամից տարբեր ծրագրերով տասնյակ հազարավոր դոլարներ են ստացել:
Գուցե այսօ՞ր էլ է Ձեզ դրամաշնորհ պետք՝ բուժվելու սորոսացավից: Նախկինում այդ հիվանդության անունը հրեա-մասոնականություն էր, ադրբեջանասիրություն էր, թուրքասիրություն էր: Հիմա էլ անվանում եք՝ Հայաստանի թուրքացում: Իբր Հայաստանն է թուրքացվում: Օրը օրին գրե՞մ, թե որ թվականին, որ օրը, որտեղ են տեղի ունեցել հայ-թուրքական բանակցությունները, ինչ են խոսել հայ պատվիրակները:
Գոնե դուք մի՛ խոսեք Հայաստանի թուրքացումից: Դուք, որ գնացել ու հայ ժողովրդին բնաջնջած Էնվերի ու Թալեաթի հետ բանակցել եք Զորավար Անդրանիկին զինաթափելու մասին: Գրե՞մ: Արխիվիս այդ էջերը հատ-հատ բացե՞մ: Դուք, որ Ղրիմում ծով եք գնացել ադրբեջանցի կոմսոմոլների հետ, Դուք, որ Գյուլին եք հրավիրել Երեւան եւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի լոգոյից Արարատ սարն եք ջնջել:
Էլի գրե՞մ: Եթե արխիվս բացեմ, կարող եմ ամեն օր, կրկնում եմ՝ ամեն օր մի լուր գրել թուրքերի ու ադրբեջանցիների հետ ունեցած Ձեր երկխոսությունից, կերուխումներից:
***
Վերջին 25 տարիներին, կրկնեմ, ես բազմիցս հանդիպել եմ ադրբեջանցիների ու թուրքերի հետ եւ ամեն հանդիպումից հետո հոդված գրել: Որեւէ բան փակ չեմ պահել: Փորձել եմ իմ՝ հայ լրագրության, փորձագիտության ճակատում պաշտպանել Արցախի, Հայաստանի շահը: Փորձել եմ խոսել ոչ թե դատարկ, ուռա-հայրենասիրական ու անպատասխանատու լեզվով, այլ մի լեզվով, որ հասկանալի լինի միջազգային հանրության համար:
44-օրյա աղետալի պատերազմից հետո ես հրաժարվել եմ ադրբեջանցիների հետ խոսելուց ու հանդիպելուց, որովհետեւ ամաչում եմ: Ամաչում եմ էն աղետի համար, որ բերեցին մեր գլխին այս իշխանությունները: Ամոթը թույլ չի տալիս ինձ գնալ ու հանդիպել ադրբեջանցու հետ, թեեւ, եթե վստահ լինեմ, որ իմ հանդիպումով կարող եմ մեկ հայի փրկել Բաքվի բանտից, կգնամ:
Պարոն Աշոտյանը, պարոն Մարուքյանը, կասկած չունեմ, հանդիպելով ադրբեջանցիների հետ, փորձում են, իրենց հնարավորության սահմաններում, մեկ հայի դուրս բերել Բաքվի դժոխքից, Արցախի ու Հայաաստանի շահն են պաշտպանում, եւ նրանց հասցեին ոչ թե պետք է հնչեն քննադատության, այլ քաջալերանքի ձայներ:
Եվ, ի վերջո, այո՛, որքան էլ դառն է, հատկապես 44-օրյա աղետից հետո, մենք պետք է խոսենք թուրքի ու ադրբեջանցու հետ: Ուրիշը մեր փոխարեն չի խոսելու: Ուրիշը մեր շահը չի պաշտպանելու: Եթե Հայաստանը լիներ Կոստա Ռիկայի տեղում, թուրքի ու ադրբեջանցու հետ խոսելու թեմա չէր լինի: Հայաստանը, ճակատագրի անեծքով ասենք, աշխարհագրական դժբախտության բերումով ասենք, Թուրքիայի ու Ադրբեջանի արանքում է մնացել:
Եվ այդ դաժան իրականությունը պարտադրում է գնալ ու խոսել նրանց հետ:
Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։