Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) բազմաշահառու խմբի (ԲՇԽ) քաղաքացիական հասարակության խմբակցությունն «ԷկոԼուր» մամուլի ակումբում հատուկ նիստ է անցկացրել, որտեղ քննարկել է Լոռու մարզի Ուռուտ բնակավայրում եւ Վայոց ձորի մարզի Գլաձոր համայնքում ստեղծված լարված իրավիճակը:
Ուռուտի բնակիչները երեք անգամ թույլ չեն տվել, որ «Ջին Հոլդինգ Լիմիթիդ» ՍՊԸ-ն բազմամետաղային հանքային դաշտում 2021-2024 թվականներին երկրաբանահետախուզական աշխատանքների իրականացման համար շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային լսումներ անցկացնի:
«Ընկերության գործունեությունը խախտում է ուռուտցիների մաքուր շրջակա միջավայրում ապրելու իրավունքը, ինչպես նաեւ ստեղծում լարվածություն ու բեւեռացում բնակիչների շրջանում»,- նշել է ԱՃԹՆ ԲՇԽ անդամ Օլեգ Դուլգարյանն «ԷկոԼուր» մամուլի ակումբում տեղի ունեցած հատուկ նիստի ժամանակ։
Գլաձորի ոսկի-բազմամետաղային հանքում էլ «Մետալ Գոլդ» ընկերությունն է ցանկանում երկրաբանական ուսումնասիրություններ իրականացնել: Այս տարվա մայիսին համայնքի բնակիչները թույլ չէին տվել, որ ընկերությունը Գլաձորի բազմամետաղային հանքավայրում երկրաբանական հետազոտության ծրագրի վերաբերյալ հանրային լսումներ անցկացնի:
«Մեր տան դռները փակ են ձեր առջեւ»,- նշել էին բնակիչները:
Սեպտեմբերին կրկին հանրային լսումներ էին նախաձեռնվել, որոնք չէին կայացել բնակիչների ընդվզման ու Քովիդ-19 համավարակի կանոնները չպահպանելու պատճառով:
ԱՃԹՆ ԲՇԽ քաղաքացիական հասարակության խմբակցությունն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ դեռ 2019 թվականին Գլաձորի ավագանին «Գլաձոր համայնքը էկոտնտեսական տարածք դարձնելու եւ համայնքում մետաղական հանքարդյունաբերությունը արգելելու վերաբերյալ» որոշում է ընդունել: Մինչդեռ «Մետալ Գոլդ»-ի հանրային լսում անցկացնելու եւ համայնքի համաձայնությունը ստանալու նկրտումները հակասում են այս որոշմանը:
Ստացվում է, որ հարուստ ընդերք ունեցող երկու ազդակիր համայնքներում էլ բնակիչները հստակ դիրքորոշում ունեն հանքարդյունաբերության նկատմամբ, որը, սակայն, անտեսվում է թե՛ լիցենզիա տրամադրող լիազոր մարմնի, թե՛ բազմամետաղներով հետաքրքրված ընկերությունների կողմից:
Խմբակցության մեկ այլ անդամ Արթուր Համբարձումյանի կարծիքով խնդիրը համակարգային բնույթ է կրում. «Պետք է սկսել հիմնական օրենքներից ու լրջորեն վերանայել դաշտը կարգավորող օրենսդրությունը»,- նշել է նա:
ԱՃԹՆ ԲՇԽ քաղաքացիական հասարակության խմբակցությունը պատրաստվում է հանդես գալու հայտարարությամբ եւ հրավիրելու ԱՃԹՆ ԲՇԽ նիստ՝ արտահերթ քննարկելու ստեղծված իրավիճակը:
Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։