Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին վրացական հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Վրաստանի վարչապետի միջնորդությամբ Ադրբեջանի եւ Հայաստանի առաջնորդների միջեւ ակտիվ շփում է իրականացվում: Ըստ նրա՝ 30 տարվա ընթացքում առաջին անգամ Վրաստանը միջնորդի կարեւոր գործառույթներ է իրականացնում։
«Վրաստանի կառավարությունը հասել է այդ առաջին քայլերին, նախ եւ առաջ, տարածաշրջանային համագործակցության տեսանկյունից։ Այդ կարեւոր արդյունքին հասել ենք մեր հետեւողականության շնորհիվ»,- շեշտել է Զալկալիանին։
Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ այդ ուղղությամբ հետագայում էլ ակտիվ քայլեր կձեռնարկվեն՝ Եվրոպայի եւ ԱՄՆ-ի ակտիվ աջակցությամբ։
Անցած ամիս Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այցելել էր Ադրբեջան, հայտարարել նաեւ Հայաստան այցելելու ծրագրերի մասին։ Ղարիբաշվիլին հույս էր հայտնել, որ հարեւան երկրների առաջնորդների հետ ունեցած իր անձնական հարաբերությունները թույլ կտան դրական դերակատարում ունենալ Երեւանի եւ Բաքվի միջեւ հարաբերությունների կարգավորման գործում: