Թուրքիան եւ Լիբիան խախտել են Երեխաների իրավունքների մասին կոնվենցիայով ամրագրված՝ «հակամարտություններում երեխաների օգտագործումը եւ հավաքագրումը կանխելու» իրենց պարտավորությունները։
Այդ փաստն ընդգրկվել է «Միավորված ազգերի կազմակերպության» (ՄԱԿ) Մարդու իրավունքների խորհրդի՝ Լիբիայում փաստահավաք առաքելության զեկույցում, որում շոշափված են 2016-ից ի վեր տարածաշրջանում տեղի ունեցած մարդու իրավունքների խախտումները։
Ըստ զեկույցի՝ Լիբիայի քաղաքացիական պատերազմում ներգրավվել են նաեւ անչափահաս (մանկահասակ) զինվորներ: Վերջիններիս Լիբիա տեղափոխելու եւ պատերազմին մասնակից դարձնելու գործում ակտիվ դերակատարում է ունեցել Թուրքիան։
«Ըստ 2019-ի վերջից ձեռք բերված փաստերի՝ Թուրքիան միջնորդ է եղել, որ 15-18 տարեկան սիրիացի երեխաները հավաքագրվեն եւ գումարի դիմաց Ազգային համաձայնության կառավարության համար պատերազմեն Լիբիայի ազգային բանակի դեմ»,- ընդգծել են զեկույցի հեղինակները։
BBC-ի թուրքերեն ծառայությունից հայտնել են, որ զեկույցը մեկնաբանելիս Թուրքիայի ԱԳՆ-ից հերքել են պնդումները՝ դրանք բնորոշելով իբրեւ անհիմն մեղադրանք։
Այս տարվա հուլիսին ԱՄՆ պետդեպարտամենտը եւս Թուրքիային ներառել էր անչափահաս զինվորների օգտագործման համար մեղադրվող երկրների ցանկում։