Վանի նահանգապետ Մեհմեդ Էմին Բիլմեզը հայտնել է, որ Թուրքիայի Շալդրանի շրջանի եւ Իրանի սահմանին կառուցվող անվտանգության պատի 20 կիլոմետրանոց հատվածի շինաշխատանքներն ավարտվել են։ Նա նշել է, որ երեք փուլով կառուցվող անվտանգության պատի ընդհանուր երկարությունը լինելու է 64 կիլոմետր։
Բիլմեզը հավելել է, որ Թուրքիա-Իրան սահմանին ձեռնարկվող միջոցառումների արդյունքում երկիր ներթափանցող փախստականների թիվը նշանակալի չափով նվազել է: Բիլմեզը նշել է նաեւ, որ այս տարի իրականացրած հետախուզական աշխատանքների ընթացքում ձերբակալված 1290 կազմակերպիչների շուրջ կեսը դատապարտվել է ազատազրկման։
Վանի նահանգապետն ընդգծել է, որ Վանա լճում եւս պարեկային ծառայություն է իրականացվում, քանի որ լիճը հիմնական ճանապարհներից մեկն է Թուրքիա ապօրինի մուտք գործող փախստականների համար։