Ֆինն պաշտոնյաները հայտարարել են, որ 1991-ից հետո ծնված երիտասարդներին այսուհետեւ «Մոդեռնա»-ի փոխարեն «Ֆայզեր» են պատվաստելու:
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ հետեւելով հարեւան Շվեդիային եւ Դանիային՝ Ֆինլանդիան եւս սկսել է սահմանափակել ՔՈՎԻԴ-19-ի դեմ «Մոդեռնա» պատվաստանյութի օգտագործումը երիտասարդ տղամարդկանց համար։ Բժիշկները դա բացատրել են սիրտ-անոթային համակարգի վրա հազվագյուտ կողմնակի ազդեցությամբ՝ սրտամկանի բորբոքմամբ՝ միոկարդիտով։
Ֆինլանդիայում պատվաստանյութ են ստացել 12 տարեկանից բարձր քաղաքացիները։ Երիտասարդների համար «Մոդեռնա» պատվաստանյութի կիրառումը սահմանափակելու որոշումը Շվեդիան եւ Դանիան ընդունել էին հոկտեմբերի 6-ին, հաջորդ օրը նրանց միացավ Ֆինլանդիան։
Երիտասարդներին «Մոդեռնա»-ով չպատվաստվելու որոշումն այդ երեք երկրները հիմնավորել են՝ վկայակոչելով սկանդինավյան մինչ օրս չհրապարակված ուսումնասիրությունը։ Ֆինլանդիայի առողջապահության նախարարությունը հավաստիացրել է, որ զեկույցը կհրապարակվի գալիք շաբաթների ընթացքում։
Ուսումնասիրության տվյալները հետագա գնահատման համար ուղարկվել են Դեղամիջոցների եվրոպական գործակալություն։ Սկանդինավյան մեկ այլ երկիր՝ Նորվեգիան, 30-ից ցածր տարիքի իր քաղաքացիներին խորհուրդ է տվել պատվաստվել «Ֆայզեր»-ով։
Շվեդ առաջատար համաճարակաբան Անդերս Թեգնելը, խոսելով երիտասարդների վրա «Մոդեռնա»-ի ազդեցությունից, նշել է, որ դա շատ հազվադեպ կողմնակի ազդեցություն է: Ըստ նրա՝ գրեթե բոլոր դեպքերն ի հայտ են գալիս պատվաստումից մի քանի շաբաթ անց, մեկ ամիս հետո այդ խնդիրն ընդհանրապես չի դրսեւորվում։
Դեղամիջոցների եվրոպական գործակալությունից հուլիսին արձանագրել էին, որ սրտամկանի բորբոքումն իբրեւ կողմնակի ազդեցություն երիտասարդների մոտ հազվադեպ կարող է դրսեւորվել «Մոդեռնա»-ի «Սպայկվաքս» կամ «Ֆայզեր»-ի պատվաստանյութի երկրորդ չափաբաժինն ընդունելուց հետո։
«Մոդեռնա» ընկերության մամուլի խոսնակը հայտնել է, որ տեղյակ են Շվեդիայի ու Դանիայի որոշումների մասին։ Ընկերության ներկայացուցիչը նշել է, որ դեպքերը որպես կանոն թեթեւ բնույթի են եղել, եւ մարդիկ կարճ ժամանակում առողջացել ու կազդուրվել են ստանդարտ բուժման կուրսեր անցնելուց հետո։ Նա նաեւ ընդգծել է, որ միոկարդիտի ռիսկը նշանակալի չափով բարձր է կորոնավիրուսով վարակվածների համար, իսկ պատվաստումը դրանից պաշտպանվելու լավագույն ճանապարհն է։