ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր հարցազրույց է տվել ռուսական ՌԲԿ հեռուստաընկերությանը։
Ռուս լրագրողը ԱԺ նախագահին հարցնում է՝ ինչպե՞ս պատահեց, որ արցախյան 44-օրյա պատերազմում կրած պարտությունից հետո Նիկոլ Փաշինյանի թիմը հաղթեց ընտրություններում։ Պարոն Սիմոնյանն ասում է․ «Որովհետեւ մենք չխաբեցինք»։
Այսինքն՝ ոնց չխաբեցիք։ Խաբեցիք, ուղղակի ինչպես պարզվեց, գրեթե ոչ ոք դեմ չէր խաբվելուն։ Մի Արծրուն Հովհաննիսյանն էլ է հերիք՝ ասելու համար, որ խաբել եք անխղճաբար։
Բայց ընդունենք, թե ռուսներին այդպես էր պետք ասել։ Դուք գոնե պատկերացում ունե՞ք, որ ձեզ իրականում մեղադրող չկա։ Ալենն ասում է՝ այս պատերազմի ժամանակ մեզ մեղադրում էին բոլոր հնարավոր մեղքերում։ Ձեզ ժողովուրդը չի մեղադրել։ Այո՛, դուք խաբել եք, բայց ձեզ ոչ ոք չի մեղադրել։ Ձեզ կապիտուլյանտ ժողովուրդը չի ասել, այլ միայն քաղաքական ուժերը։
Դուք համառորեն չեք ուզում հասկանալ, թե որն է մեր ողբերգությունը։ Մեր ողբերգությունն այն է, որ դուք մեր անհուսության վերջին օջախն եք. մենք այլեւս չգիտենք, թե ուրիշ ինչը կփրկի մեզ։ Ամեն իշխանություն բազմապատկում էր մեր անհուսությունը, բայց դուք փակեցիք էդ թեման, մենք հույս չունենալու տեղ այլեւս չունենք։
Բայց ինչո՞ւ ժողովուրդը ձեզ չմեղադրեց։ Որովհետեւ ինքը նույնպես թելում էր ոչմիթիզականության բուրդը։ Իսկ թելում էր, որովհետեւ մեկից բացի չկար այլ քաղաքական ուժ, որ նրան ասեր սպասվող աղետի մասին։
Ալենը ռուս լրագրողին ասում է․ «Մենք մարդկանց ասեցինք, թե ինչու սկսվեց պատերազմը»։ Այստեղ էլ է խաբում։ Պատերազմը սկսվեց, որովհետեւ 1998-ից ի վեր ոչ մի իշխանություն չի ցանկացել զիջել բանակցություններում, ժողովրդի անունից բանակցողները ներկայացել են որպես միակ տղամարդ։ Բա ձեր կարծիքով՝ Ալիեւից նվաստացումներն ինչո՞ւ են այդքան նատուրալիստորեն անմարդկային։ Որովհետեւ նա էլ է որպես տղամարդ նայում իր հաղթանակին։
Ժողովուրդը կերակրվում էր ձեր տղամարդկությամբ՝ ստեղծված իրավիճակի մասին չունենալով նույնիսկ սուտ տեղեկություններ։ Նա ընդհանրապես որեւէ տեղեկություն չուներ Ղարաբաղի հարցից։ Ի՞նչ էր նշանակում բանակցությունները սկսել սեփական կետից, ամբողջ աշխարհում ո՞վ գաղափար ունեցավ, թե դա ինչ սեփական կետ է։ Բայց չէ՞ որ սա էլ էր խաբեություն։ Ձեզ երբեք ոչ մեկը ժողովրդի միջից չի մեղադրելու։ Ու ոչ թե որ տրամադրված չէ, այլ որ 1990-ականների հաղթանակից ի վեր չձեւավորվեց 4 հազար հոգու չսպանելու գնով փոխզիջման տրամադրվող հասարակություն։
Ի դեպ, ԱԺ նախագահը շատ սիմվոլիկ է փակում խայտառակ պարտությունից հետո իշխանությունը չկորցնելու թեման․ «Մենք շատ հեռու չենք հեռացել ժողովրդից, նրանք մեզ համարում են իրենց զավակները, համարում են իրենց որդիները»։
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: