2021-ի Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է ռուսաստանյան ամենաազդեցիկ լրատվամիջոցներից մեկի՝ «Նովայա գազետա»-ի գլխավոր խմբագիր Դմիտրի Մուրատովին եւ ֆիլիպինցի լրագրող Մարիա Ռեսային՝ խոսքի ազատության պաշտպանությանն ուղղված ջանքերի համար։
Նոբելյան կոմիտեի ղեկավար Բերիտ Ռեյս-Անդերսոնը նշել է, որ «Նովայա գազետա»-ի գլխավոր խմբագիր Դմիտրի Մուրատովը չի հրաժարվել թերթի անկախ քաղաքականությունից՝ չնայած աշխատակիցների սպանություններին ու սպառնալիքներին։ «Նա մինչեւ վերջ պաշտպանել է լրագրողների իրավունքները»,- ընդգծել է Ռեյս-Անդերսոնը։ Նա հիշեցրել է, որ նախօրեին լրացել է պարբերականի առաջատար լրագրող Աննա Պոլիտկովսկայայի մահվան 15-րդ տարելիցը։
Ֆիլիպինցի լրագրող եւ խմբագիր Մարիա Ռեսան տարիներ շարունակ լուսաբանում է Ֆիլիպինների սկանդալային բռնապետ Դուտերտեի արյունոտ ռեժիմի քաղաքականությունը։
2021-ի Խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածուներից էին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, ռուսաստանցի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին, բելառուսական ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան, բնապահպան ակտիվիստ Գրետա Թունբերգը։