Թուրքիայում գործող «KONDA» հետազոտությունների կենտրոնը Մարդու իրավունքների ասոցիացիայի (İHD) պատվերով ուսումնասիրություն է անցկացրել՝ պարզելու համար երկրում ձերբակալված եւ կալանավորված քաղաքացիների ազգային պատկանելությունը։
Թուրքիայի Մարդու իրավունքների ասոցիացիայի համանախագահ Օզթուրք Թյուրքդողանը, ամփոփելով հետազոտության արդյունքները, նշել է, որ երկրում ձերբակալված քաղաքացիների 58%-ը թուրքերն են, 35%-ը` քրդերը, մնացած 7%-ն արաբներն են եւ այլ ազգերի ներկայացուցիչներ։
Թյուրքդողանը հայտարարել է, որ Թուրքիայում կալանավորվածների թիվն այլ պատկեր ունի. 47%-ը թուրքերն են, իսկ 39%-ը` քրդերը։ Եվ հաշվի առնելով այն հանգամանքը, որ քրդերը Թուրքիայի բնակչության ընդամենը 17%-ն են, ուշագրավ է, որ քրդերը ձերբակալվածների 35, իսկ կալանավորվածների 39%-ն են։ Ուղղակի նայելով այս հետազոտությանը՝ քրդական հարցն աղաղակում է՝ «ես գոյություն ունեմ»։