Առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան հայտարարել է, որ պատվաստման կարեւորության մասին քաղաքացիներին համոզող բժիշկներն ու բուժքույրերը պետությունից մեկ անձի համար կստանան 20 լարի (մոտ 6 դոլար): Ըստ Գաբունիայի՝ բժիշկներն ու բուժքույրերը հոկտեմբերի 8-ից կներգրավվեն բնակչության հետ խորհրդակցությունների գործընթացում:
«Այժմ մենք հասել ենք այն փուլին, երբ առանց դեմառդեմ հաղորդակցվելու դժվար է մարդուն համոզել, որ պատվաստումն անվտանգ է եւ արդյունավետ։ Ընտանեկան բժիշկը եւ բուժքույրը, ամեն դեպքում, մեծ ազդեցություն ունեն, հատկապես գյուղական վայրերում»,- ըստ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի՝ ասել է Գաբունիան։
Փոխնախարարն ընդգծել է, որ եթե ընտանեկան բժիշկն իր մոտ գրանցված քաղաքացուն ասում է, որ պատվաստանյութը վտանգավոր է, պետության ներդրած բոլոր ջանքերը բացարձակապես զուր են։ Գաբունիան հավելել է, որ ընտանեկան բժիշկների ակտիվ ներգրավվածությունը խորհրդատվության գործընթացում անչափ կարեւոր է:
Ըստ aռողջապահության փոխնախարարի՝ այսօրվանից եւեթ ակտիվ խորհրդակցություններ են անցկացվում ընտանեկան բժիշկների եւ բուժքույրերի հետ։ Նրանք եւս պետք է սկսեն աշխատել իրենց տեղամասի բնակչության հետ, իսկ արդեն յուրաքանչյուր պատվաստված քաղաքացու համար պարգեւավճարներ կստանան։