ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 8-ին հանդիպում է ունեցել Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ Ժոզե Ավելինու Բետտենկուրի հետ։ Երկուստեք ընդգծվել է ՀՀ-ում ռեզիդենտ Առաքելական նվիրակության հիմնման կարեւորությունը՝ նշելով, որ այն կնպաստի հայ-վատիկանյան միջպետական հարաբերությունների եւ բազմադարյա փոխգործակցության առավել խորացմանը։
Արարատ Միրզոյանը շեշտել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների եւ քաղաքացիական պատանդների շուտափույթ հայրենադարձման անհրաժեշտությունը, ինչպես նաեւ Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային եւ կրոնական ժառանգության պահպանման հրատապությունը։
Արտգործնախարարն ընդգծել է, որ 44-օրյա պատերազմի ընթացքում եւ դրանից հետո Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի ուղերձները, ինչպես նաեւ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման կոչերը շատ բարձր են գնահատվում Հայաստանի կողմից: