Երեւանի պետական համալսարանի դասախոս, ճանաչված գրականագետ, արվեստաբան, բազմաթիվ գրքերի կազմող եւ խմբագիր Երվանդ Տեր-Խաչատրյանին օգոստոսի 25-ին նամակով տեղեկացրել են, որ այլեւս Մայր բուհում չի աշխատելու։
Սեպտեմբերի 30-ին «Ազգ» թերթում Տեր-Խաչատրյանը «Թե ովքեր, ինչու եւ ինչպես ինձ դուրս դրեցին համալսարանից» ծավալուն հոդվածով անդրադարձել է պետական համալսարանի գիտակրթական իրականությանը։
Հոդվածն ամբողջությամբ արտատպելուց ձեռնպահ մնացինք, քանի որ գրականագետը հիշատակում է մի շարք գործընկերների անուններ, որոնք մեղադրանքներից պաշտպանվելու իրավունք ունեն, գուցե հակադարձեն կամ արդեն հակադարձել են։ Բայց առանձին հատվածներ, որոնք, ըստ էության, «Աղետի վկայություններ» են, չենք կարող չվերահրապարակել։
Ակնկալում ենք բաց ու բովանդակային խոսակցություններ կրթության որակի շուրջ։
«Մի դիսերտանտ,- անունը կարեւոր չէ այս դեպքում, որովհետեւ դիսերտանտը, ինչպես ասում են, դրսից էր,- ներկայացրել էր Դոս Պասոսի վեպերին նվիրված ատենախոսություն: Ինձ հանձնարարվեց ամբիոնում նախնական պաշտպանության ժամանակ ներկայացնել աշխատանքը: Չմանրամասնեմ, աշխատանքում զարմանք ու տարակուսանք հարուցող շատ բան կար: Ստիպված էի հարցերը ուղղել դիսերտանտին: Սա անօգնականորեն շուրջը նայեց եւ ոչինչ չկարողացավ ասել: Պարզվեց, որ դիսերտանտը այն վեպերը, որոնց մասին իբր գրել է, չի էլ կարդացել»: «Նախնական պաշտպանությունը սրանով ավարտվեց: Դիսերտանտը, իհարկե, փայլուն ձեւով պաշտպանեց»:
«…ներկայացրել էր ատենախոսություն անգլիացի բանաստեղծ Թեդ Հյուզի մասին: Ամբիոնից ինձ հանձնարարվեց ծանոթանալ ատենախոսությանը եւ ներկայացնել այսպես կոչված նախնական պաշտպանության՝ ամբիոնում քննության ժամանակ: Ես ծանոթացա: Դա ատենախոսություն չէր, այլ զառանցանք, բանդագուշանք: Հայերեն մեկ հատ գրագետ նախադասություն չկար: Պարզ երեւում էր, որ դա անգրագետ թարգմանություն էր օտար լեզվից, հայերեն լեզվի ոչ շարահարություն կար, ոչ շարակարգություն, ոչ ենթակա, ոչ ստորոգյալ»: «…փայլուն պաշտպանեց, դարձավ ամբիոնի դասախոս, հետո շատ արագ դարձավ դոցենտ եւ հիմա գիտական աստիճաններ շնորհող «Արտասահմանյան գրականություն» մասնագիտական խորհրդի գիտական քարտուղարն է»:
«Ուսանողներին հարցաթերթիկներ են բաժանում տարբեր հարցումներով: Ուսանողները պետք է պատասխանեն հարցումներին եւ գնահատական նշանակեն դասախոսին, իր գիտելիքներին, իր աշխատանքին: …Կյանքում որեւէ գիրք չկարդացած, իրականում անգրագետ կամ լավագույն դեպքում կիսագրագետ ուսանողը պետք է գնահատի դասախոսի գիտելիքները: Եղել են դեպքեր, որ կիսամյակի ընթացքում ոչ մի անգամ դասին ներկա չեղած,- դասամատյանը արձանագրել է դա,- դասընթացի բոլոր դասաժամերին բացակա եղած ուսանողը դասախոսի գիտելիքները գնահատել է «զրո», «անբավարար»: Եթե ուսանողը դասախոսությունները չի լսել, ապա ինչպե՞ս է գնահատում դասախոսի գիտելիքը»:
«Ուսանողներին իբր թե հանձնարարվում է գեղարվեստական եւ տեսական գրականության պարտադիր ցանկ: Պետական ծրագրով դա պարտադիր է, բայց տեսական գրականությունից ուսանողին որեւէ մի դասախոս ոչինչ չի հարցնում: Ի՜նչ դասագիրք, ի՜նչ բան… Չափանիշը ոչ թե նույնիսկ երկի սյուժեն է, այլ սյուժեի մասին գոնե մոտավոր գաղափար ունենալը: Քննասենյակի դռան առջեւ խռնված ուսանողները սյուժեն պատմում են միմյանց. «Աղջի, ես լավ գիտեմ, մամաս կարդացել ա, մամաս ա պատմել»: Ի՜նչ գրականագիտություն, ի՜նչ վերլուծություն, ի՜նչ բան…»։
«Ուսանողները բողոքել էին ինձանից. «Փոխանակ գա, գիրքը պատմի, գալիս ա պատմությունից ա խոսում, պատերազմներից, թագավորների մասին ա պատմում…»: …Ինձ կանչեցին պրոռեկտորի … մոտ: Փորձեցի բացատրություն տալ: Ասացի՝ դասընթացը գրականության պատմություն է, ծրագրով հաստատված թեմաներ կան, ինչպես օրինակ՝ «Ֆրանսիական կլասիցիզմի պատմական, քաղաքական, գրական, փիլիսոփայական եւ գեղագիտական նախահիմքերը», դե, ես էլ պետք է ներկայացնեմ նախահիմքը՝ պատմական ժամանակը, բացարձակ միապետության առաջացումը եւ այլն: Պրոռեկտորը ոչ միայն որեւէ բացատրություն կամ պատճառաբանություն չընդունեց, այլեւ խիստ բարկացավ, ուղղակի կատաղեց ու առյուծ կտրեց. «Էդպես եք անում, որ ուսանող չի գալիս, մենք ամեն ինչ անում ենք, մեզ կոտորում ենք, որ ուսանող գա, աբիտուրիենտ գա, դուք անում եք հակառակը, դուք խանգարում եք, փչացնում ամեն ինչ…»»:
«…կրթությունը բացարձակապես կեղծիքի եւ խաբեության վրա է հիմնված: Կուրսային եւ դիպլոմային բոլոր աշխատանքները գրում են համակարգչային կենտրոններում, էջը՝ վաղուց սահմանված սակագներով: Հազվադեպ, շատ եզակի դեպքերում, տարին մեկ-երկու հոգի, կարող է ինքնուրույն աշխատանք ներկայացնել: Բավական է կարդալ ուսանողների բերած աշխատանքների մեկ-երկու նախադասությունը կամ պարբերությունը, տեսնելու համար, որ դրանք համացանցից հանված ու սարքված տեքստեր են: Եվ ոչ ոք դրան ուշադրություն չի դարձնում: Ամեն ոք տեսք է ընդունում, թե ամեն ինչ շատ լավ է, որ դրանք ինքնուրույն գրված աշխատանքներ են: Չփորձես ուսանողի ներկայացրած կուրսային կամ դիպլոմային աշխատանքից իրեն որեւէ բան հարցնել: Աղետ կլինի»:
«Մի ծնող եկել էր բողոքելու՝ «Ես աղջիկ եմ պահել-մեծացրել, ուղարկել եմ համալսարան, դուք երեք հարյուր տարի առաջ, եսիմ երբ գրված հին ու դժվար գրքեր եք տալիս կարդալու: Դրա իմաստը ո՞րն ա… Էրեխեն շատ դժվար ա կարդում, չի կարում կարդա»»: «…ռեկտորատը, իհարկե, ընդառաջ գնաց նման ծնողների բողոքին»:
«Այս տարի մայիսին հեռակա չորրորդ կուրսի յոթ ուսանող հանձնարարված նվազագույն ցանկից ոչինչ չէին կարդացել եւ կտրականապես հրաժարվում էին քննական տոմսերից եւ պահանջում էին առանց քննության թվանշան նշանակել»:
«Այս տարի ինձ հանձնարարեցին գրախոսելու երեք դիպլոմային աշխատանք: Միայն մեկի մասին ասեմ: Աշխատանքը, իհարկե, սարքել էին համակարգչային ինչ-որ կենտրոնում, կցմցելով համացանցից հանված ինչ-որ անկապ կտորներ: Դիպլոմային աշխատանքի գիտական ղեկավարն … աշխատանքի վրա մակագրել էր, որ գերազանց աշխատանք է եւ պատրաստ է պաշտպանության: Թեման Բրեմ Սթոքերի «Դրակուլա» վեպն էր: Հաջորդ օրը պաշտպանությունն էր: Ցնցողը աշխատանքի վերջին էջն էր: «Օգտագործված տեսական գրականության ցանկ» խորագրի տակ ցուցակով ներկայացված էր միայն «Դրակուլա» վեպի 21 տարբեր հրատարակությունը»:
«Ուսանողը պետք է գրեր դիպլոմային աշխատանք «Ռադիարդ Քիփլինգի «փոքր» արձակը» թեմայով: Ամբողջ տարվա ընթացքում դիպլոմնիկը չերեւաց, դիպլոմնիկների հետ հանդիպման կարգ ու ժամեր կան նշանակված, դիպլոմնիկը ոչ մի անգամ, իհարկե, չի ներկայացել, չի եկել հանդիպման: Պաշտպանությունից ուղիղ երկու օր առաջ եկավ եւ բերեց մի աշխատանք… Քիփլինգի բանաստեղծությունների տաղաչափական առանձնահատկությունների մասին: Ես ասացի, որ ձեր թեման վաղուց հաստատված եւ գրանցված է, դուք պետք է գրեիք Քիփլինգի «փոքր» արձակիՙ պատմվածքների շուրջ: Լավ, ասաց, վաղը կբերեմ: Եվ, իրոք, հաջորդ առավոտյան բերեց նոր աշխատանք՝ այս անգամ Քիփլինգի պատմվածքների մասին: Ես հարցրեցի՝ հիմնականում ո՞ր պատմվածքներն եք նկատի ունեցել: Դիպլոմնիկը ձայն չհանեց: Լավ, ասացի, առաջին էջում անուններ եք թվարկել, ո՞վ է, օրինակ այս Ստիվենսոնը: Դիպլոմնիկը կատաղեց, թղթերը հավաքեց, չարացած ոտքից գլուխ չափեց ինձ, դուռը գլխիս խփեց ու գնաց»:
«Ի վերջո, այն, ինչ ես գրեցի, ինչպես հայտնի խոսքն է ասում, իրականության մեկ տասներորդի քսաներորդն էլ չէ եւ բուն իրականության եւ իրողության չնչինագույն մասն է»:
«Եվ այսպիսի կեղծ կրթությամբ, կրթության այսպիսի մակարդակով մենք ուզում ենք հաղթե՞լ: Բայց ինչո՞ւ պիտի հաղթենք, ի՞նչ տրամաբանությամբ, տրամաբանության ո՞ր օրենքով…»։