Հայաստանը Ժնեւում ընթացող Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների խորհրդի 48-րդ նստաշրջանի շրջանակում հանդես է եկել համատեղ հայտարարությամբ՝ նվիրված զինված հակամարտությունների ընթացքում միջազգային մարդասիրական իրավունքի եւ մարդու իրավունքների պաշտպանությանը։ Հայտարարությանը միացել են տասնինը երկրներ ՄԱԿ-ի բոլոր տարծաշրջանային խմբերից։
Հղում անելով hակամարտությունների խաղաղ ճանապարհով լուծման եւ ուժի սպառնալիքից կամ ուժի կիրառումից զերծ մնալու՝ ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված հիմնարար սկզբունքներին՝ հայտարարությամբ խստորեն դատապարտվում է զինված հակամարտությունների ժամանակ մարդու իրավունքների եւ միջազգային մարդասիրական իրավունքի խախտումները եւ կոչ արվում պետություններին պատասխանատվության ենթարկելու նման հանցագործություններ կատարածներին։
Դրանում մասնավորապես նշվում է, որ ուժի ապօրինի կիրառմանը հաճախ նախորդում կամ ուղեկցում են ատելության խոսքը, պատերազմի լայնածավալ քարոզչությունը, քաղաքական առաջնորդների եւ հանրային գործիչների ռասայական կամ էթնիկ գերակայության մասին հայտարարությունները, որոնք սփռում են թշնամանք եւ նախապաշարումներ էթնիկ, կրոնական կամ ռասայական խմբերի հանդեպ կամ պաշտպանում եւ արդարացնում նրանց հանդեպ բռնության կիրառումը:
Երկրները վերահաստատում են մարդասիրական կազմակերպություններից օգնություն ստանալու զոհերի իրավունքը, ինչպես սահմանված է 1949-ի Ժնեւի կոնվենցիաներով եւ միջազգային մարդասիրական իրավունքի այլ համապատասխան գործիքներով, եւ կոչ են անում ապահովելու այս օգնության անվտանգ եւ պատշաճ հասանելիությունը:
Հայտարարությամբ ընդգծվում է, որ ռազմագերիներն ու ձերբակալվածները պետք է արժանանան միջազգային մարդասիրական իրավունքին համապատասխան վերաբերմունքի, պետք է անհապաղ ազատ արձակվեն եւ հայրենադարձվեն ակտիվ ռազմական գործողությունների ավարտից հետո: Միջազգային մարդասիրական իրավունքն արգելում է պատանդառությունը, ռազմագերիների եւ ձերբակալված անձանց ձգձգված բանտարկումը՝ նրանց սակարկման առարկա դարձնելու նպատակով։
Համատեղ հայտարարությամբ կոչ է արվում բռնի անհետացման դեպքերի կանխարգելման, դադարեցման եւ պատժման նպատակով իրականացնել արդյունավետ օրենսդրական, վարչական, դատաիրավական եւ այլ միջոցառումներ։
Երկրները ՄԱԿ-ի համապատասխան մարմիններին կոչ են անում ավելի ակտիվ դեր ստանձնելու մարդու իրավունքների խթանման եւ պաշտպանության գործում՝ ապահովելով միջազգային մարդասիրական իրավունքի եւ մարդու իրավունքների լիարժեք հարգանքը զինված հակամարտություններից բխող բոլոր իրավիճակներում՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության նպատակների եւ սկզբունքների:
ՄԱԿ-ի պայմանագրային մարմինների փորձագետներին, ինչպես նաեւ Մարդու իրավունքների խորհրդի հատուկ ընթացակարգերի մանդատակիրներին կոչ է արվում ուշադրության կենտրոնում պահելու պատերազմների ընթացքում եւ հետպատերազմական շրջանում թույլ տրված խախտումների վրա՝ զեկուցելով վերջիններիս մասին եւ անհապաղ արձագանքելով դրանց։
Համատեղ հայտարարությունը ստորագրել են Բելգիան, Իռլանդիան, Իսպանիան, Իրանի Իսլամական Հանրապետությունը, Լիբանանը, Լյուքսեմբուրգը, Կիպրոսը, Կոստա Ռիկան, Հայաստանը, Հունաստանը, Մարշալյան Կղզիները, Նիդերլանդները, Չադը, Պաղեստինյան Պետությունը, Սինգապուրը, Սլովենիան, Տաջիկստանը, Ֆիջին, Մալթայի Ինքնիշխան Ուխտը։