ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Խովաեւը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) եւ Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) հոկտեմբերի 7-ին եւ 8-ին Ժնեւում խորհրդակցություններ են անցկացրել ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) փոխնախագահ Կարբոնիերի հետ: Հանդիպումներին մասնակցել է նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:
Համանախագահների տարածած հայտարարության մեջ նշված է, որ հանդիպման բոլոր մասնակիցներն ընդգծել են միջազգային մարդասիրական կազմակերպությունների լիարժեք, անարգել մուտքի կարեւորությունը` իրենց աշխատանքներն իրականացնելու համար։
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների վերջին կառուցողական հանդիպման լույսի ներքո համանախագահները ողջունել են Ադրբեջանի կողմից մեկ հայ զինծառայողի ազատ արձակումը, ինչպես նաեւ քննարկել են լարվածության թուլացման եւ հումանիտար հնարավոր միջոցառումները, դրանց թվում` ձերբակալվածների, անհայտ կորածների եւ բոլոր տեղահանվածների կամավոր վերադարձը:
Մինսկի խմբի համանախագահներն ընդգծել են կողմերի հետ աշխատանքը շարունակելու մտադրությունը: Նրանք դրական են գնահատել նաեւ Ալիեւի եւ Փաշինյանի հրապարակային հայտարարությունները, որոնք արտահայտում են համանախագահների հովանու ներքո միմյանց հետ հանդիպելու սկզբունքային պատրաստակամությունը:
Համանախագահներն ընդգծել են, որ անհամբերությամբ սպասում են նման հանդիպման ձեւաչափերի մեջ կողմերի ներգրավմանը եւ վերահաստատում են առաջիկայում տարածաշրջան այցելելու իրենց պատրաստակամությունը`գործընթացի հաջորդ քայլերը քննարկելու համար: