Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի որոշմամբ Վրաստանում հոկտեմբերի 11-ը հայտարարվել է սգո օր:
«Խորին ցավակցություն եմ հայտնում Բաթումում տեղի ունեցած ողբերգության համար եւ ցավակցում եմ զոհերի ընտանիքի անդամներին ու հարազատներին: Նրանց հետ միասին ամբողջ Վրաստանը սգում է այս սարսափելի ողբերգությունը»,- ասել է Ղարիբաշվիլին:
Վրաստանի վարչապետը հայտնել է, որ պետությունը միջադեպից տուժածներին կտրամադրի համապատասխան օգնություն: Նա ընդգծել է, որ բոլոր մեավորները կպատժվեն օրենքի ամբողջ խստությամբ:
Ղարիբաշվիլին շեշտել է, որ ներքին գործերի նախարարությունն արդեն 3 մարդու է ձերբակալել, հետաքննությունը շարունակվում է:
Բաթումում հոկտեմբերի 8-ին հինգհարկանի բնակելի շենքի փլուզման հետեւանքով 10-15 մարդ հայտնվել է փլատակների տակ։ Փրկարարները հայտնաբերել են 5 աճյուն։ Եվս 1 դուրս բերված, ծանր վիճակում տեղափոխվելով հիվանդանոց, մահացել է: Փլուզման 6 զոհերից 2-ը անչափահաս են։ Այս պահին փլատակների տակից դուրս բերված քաղաքացիներից միայն 1-ն է ողջ․ նա հիվանդանոցում է:
Ըստ «Ալիք Մեդիա Վրաստանի»՝ հանրապետության ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին լրագրողների հետ զրույցում ասել է, որ շենքի փլատակներից եւս 3 մարդու են փնտրում: Նա ընդգծել է, որ փրկարարներն անում են ամեն ինչ՝ 3 մարդկանց անվտանգությունն ապահովելու համար:
Որոնողական աշխատանքներում ներգրավված են հարյուրավոր փրկարարներ, գործի է դրվել հատուկ տեխնիկա։
«Սպուտնիկ Գրուզիան» քիչ առաջ հայտնեց, որ փլուզված տան փլատակների տակ փրկարարները եւս 2 դի են գտել, մեկը կին է, մյուսը` 11 տարեկան երեխա։ Այսպիսով՝ փլուզման զոհերի թիվը հասել է 8-ի, որոնցից 3-ը երեխաներ են։ Եվս 1 մարդու որոնումները շարունակվում են։
Վրաստանի ՆԳՆ-ից հայտնել են, որ բերման են ենթարկվել փլուզված շենքի առաջին հարկի բնակարանի սեփականատերը եւ 2 աշխատակից: Նրանց սպառնում է մինչեւ 10 տարվա ազատազրկում: Ըստ ՆԳՆ-ի՝ սեփականատիրոջ վարձած աշխատակիցները ոչ պատշաճ են կատարել վերանորոգման աշխատանքները, ինչը, ըստ երեւույթին, հանգեցրել է փլուզմանը:
ՀՀ վարչապետը ցավակցական նամակ է հղել Վրաստանի վարչապետին՝ Բաթում քաղաքում մարդկային զոհերի պատճառ դարձած բազմահարկ շենքի փլուզման կապակցությամբ։
ՀՀ արտգործնախարարությունը Բաթումում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ ցավակցել է զոհերի հարազատներին։ «Հայաստանը Վրաստանի բարեկամ ժողովրդի կողքին է»,- ընդգծել է ՀՀ ԱԳՆ-ն։