Վրաստանի արտգործնախարար Դավիդ Զալկալիանին հայտարարել է, որ, Ռուսաստանի հետ տարաձայնություններով հանդերձ, Թբիլիսին պետք է ինչ-որ կերպ ներկայացված լինի «3+3» ձեւաչափում։
Վրաստանի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նա նշել է, թե Ռուսաստանի հետ միեւնույն հարթակում աշխատելը հեշտ չէ, սակայն Վրաստանը չպետք է դուրս մնա տարածաշրջանային ենթակառուցվածքների նախագծերից։
«Մեզ համար շատ դժվար կլինի մասնակցել մի ձեւաչափի, որտեղ ենթադրվում է նաեւ օկուպանտ երկրի մասնակցությունը։ Այս պայմաններում, երբ Մոսկվայի կողմից որեւէ առաջընթաց չկա Աբխազիայի եւ Հարավային Օսիայի դեօկուպացիայի ուղղությամբ, շատ դժվար է ինչ-ինչ ենթակառուցվածքային նախագծեր քննարկել։ Բայց ուզում եմ մտորելու նյութ տալ հասարակությանը․ այդօրինակ խոշոր աշխարհաքաղաքական ծրագրերում մենք պետք է գոնե ինչ-որ կերպ ներկայացված լինենք»,- ասել է նա։