ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնել են, որ «Մոդեռնա» ընկերության «Սպայկվաքս» պատվաստանյութն արդեն բաշխվել է Հայաստանի պոլիկլինիկաներում ու շարժական պատվաստումային կետերում: Քաղաքացիները կարող են դիմել՝ նախապես գրանցվելով:
ՀՀ ԱՆ-ն վստահեցրել է, որ «Սպայկվաքս»-ի երկրորդ դեղաչափը ստանալու հետ կապված խնդիրներ չեն լինի: Առաջին դեղաչափ ստացողները կկարողանան անհրաժեշտ ժամկետում ստանալ նաեւ երկրորդ դեղաչափը:
Ինչպես Հայաստանում կիրառվող մյուս պատվաստանյութերը, «Սպայկվաքս» պատվաստանյութը եւս նախատեսված է 18 եւ բարձր տարիքի անձանց շրջանում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումներ իրականացնելու համար:
Հավելենք, որ քաղաքացիները սոցիալական ցանցերում նշում են, թե պատվաստանյութը դեռեւս բուժհաստատություններ չհասած՝ որոշ տեղերում արդեն իսկ ցուցակագրումներ են արվել՝ «Մոդեռնա»-ով պատվաստվել ցանկացողներից շատերին փաստի առաջ կանգնեցնելով։