Ըստ Iran Daily-ի՝ Իրանի ճանապարհների եւ քաղաքաշինության նախարարի տեղակալ Խեյրոլլահ Խադեմին հայտարարել է Իրանի եւ Հայաստանի միջեւ նոր տարանցիկ ուղիների վերաբերյալ համաձայնագրի կնքման մասին:
«Հայաստանում իրանական բեռնատարների այլընտրանքային տարանցիկ ուղին կասֆալտապատվի առաջիկա մեկ ամսում, եւ կարիք չի լինի օգտագործել նախորդ երթուղին, որն անցնում է Ադրբեջանով, եւ որի համար պահանջվում է վճարել»,- ասել է նա IRNA գործակալությանը:
Խադեմիի գլխավորած պատվիրակությունը անցած շաբաթ այցելեց Հայաստան՝ քննարկելու Նուրդուզից (Իրան) Երեւան ձգվող Գորիս-Կապան ճանապարհի 20 կիլոմետրանոց տարանցիկ հատվածի հետ կապված վերջին խնդիրները:
«Արդյունավետ հանդիպումներ են տեղի ունեցել հայ պաշտոնյաների հետ: Իրանական բեռնատարների համար նոր երթուղի որոշելու համար լավ լուծումներ են առաջարկվել նաեւ խնդրի լուծման որոշակի ժամանակացույցով»,- ընդգծել է իրանցի պաշտոնյան:
Երթուղու հյուսիսային հատվածի (Երեւանից Վրաստան) շինարարությունն ավարտվել է Հայաստանի կողմից, իսկ հարավային հատվածը՝ դեպի Իրանի Նուրդուզ սահման, անավարտ է, եւ երկու կողմերը պայմանավորվել են սկսել դրա շինարարական աշխատանքը:
Ըստ Խադեմիի՝ Հայաստանի երկարաժամկետ ծրագիրն է կառուցել ընդհանուր միջանցքի 4-րդ հատվածը, եւ Իրանը հայտարարել է իր մասնագետների եւ նախագծի իրականացմանը մասնակցող կապալառուների պատրաստակամության մասին:
Iran Daily-ն նշել է, որ Գորիս-Կապան ճանապարհը Հայաստանի հարավային երթեւեկության հիմնական ուղին է: