Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը գրել է, որ հոկտեմբերի 9-ին Արցախի Հանրապետության Մարտակերտ քաղաքի մերձակայքում նռան այգում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ ադրբեջանական դիպուկահարի ուղիղ թիրախային հարվածից կրծքավանդակի հատվածում մահացու վիրավորման հետեւանքով տեղում զոհվել է Մարտակերտ քաղաքի 1966 թվականին ծնված բնակիչ Արամ Տեփնանցը։
Արցախի ՄԻՊ-ն ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից Արցախում քաղաքացիական անձի դիտավորյալ սպանությունը նոյեմբերի 9-ի հրադադարի հաստատումից հետո ադրբեջանական կողմից խախտումների, իրականացվող սադրանքների եւ Արցախի ժողովրդի կյանքի, առողջության, ֆիզիկական եւ հոգեկան անձեռնմխելիության դեմ ուղղված ոտնձգությունների համար իրական պատասխանատվության բացակայության արդյունք եւ հետեւանք է։
«Այս ընթացքում բազմիցս հայտարարել եւ ընդգծել ենք միջադեպերի հեղինակներին պատասխանատվության ենթարկելու գործուն մեխանիզմների անհրաժեշտությունը՝ համարելով, որ դա է իրական հնարավորությունն ու արդյունավետ միջոցը միջադեպերի կրկնությունը կանխելու համար, քանի որ հստակ հասկանալի է, որ միջադեպերի առթիվ Արցախի իրավապահ մարմինների կողմից հարուցված գործերը կրում են ադրբեջանցիների հանցավոր արարքներն արձանագրելու եւ դրանց քրեադատավարական գնահատական տալու բնույթ, սակայն դրանք չեն կարող բավարար արդյունք ապահովել, եթե «կյանքի իրավունքը» հարգելու պարտականություն ստանձնած Ադրբեջանը չհարգի այդ իրավունքը»,- շեշտել է Գեղամ Ստեփանյանը։
Արցախի Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծել է՝ այսօր գրանցված միջադեպը եւս մեկ անգամ ապացուցում է, որ ադրբեջանական ռազմական հենակետերը, որոնք տեղակայված են Արցախի խաղաղ բնակավայրերի մերձակայքում, անհերքելի սպառնալիք են խաղաղ բնակիչների կյանքի եւ բնականոն կենսագործունեության համար։ Ուստի նրանց անհապաղ հեռացումը միայն կարող է իրական անվտանգություն ապահովել խաղաղ քաղաքացիական բնակավայրերի համար։