«Մենք բոլորս ենք պատասխանատու մեր ապագայի համար, մեր այսօրվա միասնականությունն ու քայլերը կօգնեն կերտելու մեր ապագան»,- խաղաղության մասին խորհում, խոսում եւ այժմ արդեն երազում են երիտասարդները:
«Դեմոկրատիան այսօր» հասարակական կազմակերպության եւ «Հիկարի» հայ-ճապոնական գիտամշակութային եւ կրթական կենտրոնի նախաձեռնությամբ կայացավ «Երիտասարդները խոսում են խաղաղության մասին» գրքի շնորհանդեսը:
Կազմակերպության հիմնադիր Գյուլնարա Շահինյանն ասում է, որ դեռ 11 տարի առաջ են նախաձեռնել անվանի գրականագետ, թարգմանիչ Անահիտ Բայանդուրի անվան «Երիտասարդ կանայք հանուն խաղաղության» շարժումը։ Այն արդեն միավորել է շուրջ 150 կանանց տարբեր երկրներից։ Նպատակը մեկն է՝ պաշտպանել կանանց իրավունքները:
Այժմ միավորվել են երիտասարդները։ Սահմանամերձ շրջաններում եւ Արցախում իրականացված հետազոտություններում ներառվել են Տավուշի մարզի Բերդ, Պառավաքար, Այգեձոր, Ոսկեպար, Չինչին համայնքների, Արցախի շրջանների երիտասարդներ, որոնք խոսում են պատերազմի եւ խաղաղության սահմանագծերի մասին:
«Պատերազմի եւ խաղաղության միջեւ այդքան էլ մեծ տարածություն չկա, պատերազմը եւ խաղաղությունը քայլում են կողք կողքի, դրանք ամենուր են, յուրաքանչյուր բնագավառում»,- ասում է բերդավանցի Բորիկը:
Երիտասարդները մասնակցել են հանուն խաղաղության իրականացվող մի շարք նախագծերի եւ սեմինարների: Նրանց թվում է նաեւ սահմանամերձ Ոսկեպար համայնքի բնակիչ Թաթուլը, որը զուգահեռներ է տանում խաղաղության եւ երջանկության միջեւ. «Երբ երջանիկ չես, մտածում ես երջանկության մասին, երբ երջանիկ ես, մոռանում ես, իսկ ո՞րն է խաղաղության ճանապարհը: Խաղաղության միակ ճշմարիտ ուղին հենց այդ տարածքում (նկատի ունի Ոսկեպարը) ապրելն է»։
Ընթերցողի դատին է հանձնվել մի հետազոտություն, որն իրականացվել է նախապատերազմյան եւ հետպատերազմյան շրջաններում:
«Հետազոտության նպատակն էր հասկանալ, թե ինչ պատկերացումներ ունեն երիտասարդները, ինչ առաջնահերթություններ, ինչպիսի փոփոխությունների են սպասում եւ ինչպիսի ապագա են պատկերացնում»,- նշում է ուսումնասիրության համահեղինակ Աննա Իշխանյանը:
Ուսումնասիրությունը ցույց է տալիս՝ երիտասարդների մեծ մասը կարծում է, որ միայն քննարկումների միջոցով է հնարավոր հասնել կայուն խաղաղության: Հետազոտության մասնակիցները հակամարտության հետեւանքների թվում հիշատակում են հոգեբանական, տնտեսական, բնապահպանական խնդիրները, աշխատանքային միգրացիան:
Եթե մինչեւ պատերազմը արցախցի երիտասարդների մեծամասնությունը առաջնահերթ էր համարում մարդու իրավունքները եւ հիմնարար ազատությունների հասանելիությունը, հետո միայն՝ չճանաչված լինելու հանգամանքից բխող մի շարք կրթական, աշխատանքային եւ այլ իրավունքներ, ապա այսօր իրավիճակը կտրուկ փոխվել է, եւ առաջնային են դարձել նախ ֆիզիկական անվտանգությունն ու հոգեբանական կայունությունը, ապա տնտեսական զարգացումը։
Երիտասարդների 100%-ը կարծում է, որ պետք է վերանայել խաղաղության համաձայնագիրը, ոմանք անգամ այն վերանայելու հնարավորություններ են տեսնում։ Նրանց կարծիքով արդար լուծման պետք է հասնել բանակցությունների միջոցով՝ իհարկե հիմնական նպատակ ունենալով Արցախի ճանաչումը:
Անմիջապես պատերազմից հետո կատարված հարցումների մեջ անդրադարձ է արվել նաեւ Հայաստանի եւ Արցախի առջեւ ծառացած սպառնալիքներին: Հայաստանի պարագայում երիտասարդները գլխավոր սպառնալիքներ են համարել ներքաղաքական լարվածությունը, Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից տարածվող հայատյացությունը, տնտեսական ճգնաժամը, ՌԴ-ի հետ հարաբերությունների վատթարացումը:
Արցախի դեպքում առաջին հորիզոնականում են հայտնվել կարգավիճակի անորոշությունը եւ Թուրքիայի կողմից ապակայունացման վտանգը:
Երիտասարդների կարծիքով միջազգային հանրությունը պետք է հետեւողական քաղաքականություն որդեգրի՝ ճիշտ գործիիքներ կիրառելով պատերազմական հանցագործությունները պատժելու հարցում:
Խաղաղության շուրջ համախմբումը դարձավ նաեւ միջմշակութային համագործակցության գեղեցիկ օրինակ: Ինչպես արդեն նշվեց, միջոցառման կազմակերպիչների շարքում է նաեւ հայ-ճապոնական «Հիկարի» կենտրոնը: Ամեն տարի մինչեւ օգոստոսի 6-ը կենտրոնը որպես խաղաղության խորհրդանիշ Ճապոնիա է ուղարկում հազար կռունկ: Դա ունի իր նախապատմությունը, որի հիմքում Սադակո Սասակիի հուզիչ պատմությունն է: Հիրոսիմայի ռմբակոծության հետեւանքով քաղցկեղով հիվանդացած 2-ամյա փոքրիկը սկսում է թղթե կռունկներ պատրաստել՝ հետեւելով ազգային լեգենդին, ըստ որի՝ «եթե հազար թղթե կռունկ ես պատրաստում, անիրական թվացող երազանքն անգամ կատարվում է»։ Ցավոք, փոքրիկին հաջողվում է պատրաստել միայն 644 հատ:
Խաղաղության այս խորհրդանիշով էլ ձեւավորվել է գրքի շապիկը։ Կենտրոնն այս տարի արդեն խաաղաղության կռունկներ է պատրաստում մեր երկրի համար։ Միջոցառման ավարտին կենտրոնի ներկայացուցիչը խորհրդանշական թղթե կռունկներ բաժանեց նաեւ հյուրերին։
Ալմաստ Մուրադյան
«Դեմոկրատիան այսօր». «Երիտասարդները խոսում են խաղաղության մասին» գրքի շնորհանդես
Ռեպորտաժի հեղինակներ՝ Անուշ Առաքելյան, Աղաբեգ Սիմոնյան