2021 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է ռուսաստանյան «Նովայա գազետա»-ի գլխավոր խմբագիր Դմիտրի Մուրատովին եւ ֆիլիպինցի լրագրող Մարիա Ռեսսային։ Նրանք հեղինակավոր այս մրցանակին արժանացել են խոսքի ազատության պաշտպանությանն ուղղված իրենց ջանքերի համար։ Նշվում է, որ Մուրատովը երրորդ ռուսաստանցին է՝ Անդրեյ Սախարովից եւ Միխայիլ Գորբաչովից հետո, որ արժանանում է Խաղաղության Նոբելյան մրցանակի, բայց առաջինը՝ անկախ Ռուաստանի պատմության մեջ: Մինչեւ մի խումբ ընկերների հետ «Նովայա գազետա»-ն հիմնելը Դմիտրի Մուրատովն աշխատել է Սամարայի շրջանային թերթերից մեկում, իսկ «Նովայա գազետա»-ն հիմնելուց եւ խմբագրելուց հետո թերթը կարճ ժամանակում դարձել է Ռուսաստանի ամենաազդեցիկ թերթերից մեկը: Վերջին տարիներին թերթի կատարած հետաքննությունների պատճառով (Չեչնիայում փակ թեմաների մասին բացահայտումներ եւ այլն) թերթի լրագրողները շարունակ սպառնալիքներ են ստանում: Նոբելյան մրցանակի արժանանալուց հետո Մուրատովն ասել է, որ այն իրենը չէ, այլ «Նովայա գազետա»-ինը եւ բոլոր նրանցը, ովքեր զոհվեցին՝ պաշտպանելով խոսքի ազատության իրավունքը: Մուրատովը չի թաքցնում իր քաղաքական հայացքները, որոնք արտահայտվում են Ռուաստանի եւ ԱՊՀ երկրների այլ ղեկավարների քաղաքականության դեմ:
Խաղաղության Նոբելյան մյուս մրցանակակիր, ֆիլիպինցի լրագրող եւ խմբագիր Մարիա Ռեսսան 10 տարեկանից ընտանիքի հետ տեղափոխվել է ԱՄՆ: Նա Փրինստոնի համալսարանում ստացել է մոլեկուլային կենսաբանության, թատրոնի եւ անգլերենի բակալավրի աստիճաններ: 1986-ին՝ բռնապետ Ֆերդինանդ Մարկոսի տապալումից հետո, վերադարձել է Ֆիլիպիններ եւ Ֆիլիպինների Դիլիմանի համալսարանում հետազոտություն սկսել քաղաքական թատրոնի վերաբերյալ:
1987-ին սկսել է աշխատել որպես լրագրող պետական հեռուստատեսությունում, որից կարճ ժամանակ անց համահիմնադրել է անկախ լրատվական ընկերություն: 18 տարի Մարիա Ռեսսան որպես հետաքննող լրագրող աշխատել է CNN-ի համար՝ պատրաստելով նյութեր Հարավարեւելյան Ասիայում ահաբեկչության թեմայով: Որպես բյուրոյի ղեկավար՝ նա բացել է CNN-ի Մանիլայի բյուրոն, իսկ ավելի ուշ՝ Ջակարտայի բյուրոն:
2012 թվականին երեք կին լրագրողների հետ համահիմնադրել է «Rappler»-ը՝ թվային միակ լրատվական կայքը երկրում, որտեղ այժմ աշխատում է մոտ 100 լրագրող: 2015 թվականին նախագահական ընտրարշավի ընթացքում Ռոդրիգո Դուտերտեի հետ հարցազրույցի ժամանակ Ռեսսան ստիպում է նրան խոստովանել 1980-ականներին Դավաոյում քաղաքապետ եղած տարիներին կատարած երեք մարդու սպանության մասին: 2016-ին Դուտերտեի նախագահ ընտրվելուց հետո ենթարկվում է կառավարության ճնշմանը՝ իր կատարած հետաքննությունների պատճառով: Լրագրողը կանգնում է դատարանի առջեւ՝ հարկերից խուսափելու, լրատվամիջոցներում օտարերկրյա սեփականության իրավունքի խախտումների մեղադրանքով: Դատարանը 10 դեպքերի առնչությամբ կալանքի որոշում է կայացնում, որից ութի պարագայում նա ազատ է արձակվում գրավով: 2019 -ի փետրվարին Ռեսսան կալանավորվում է «կիբեր զրպարտության» մեղադրանքով, որը միջազգային հանրությունը դիտում է որպես քաղաքական դրդապատճառներով մեղադրանք: 2021-ի օգոստոսին դատարանը մերժում է Դուտերտեի մասին լուրերի լուսաբանման պատճառով նրան առաջադրված մեղադրանքները, բայց բազմաթիվ դատական գործեր դեռեւս ընթացքի մեջ են:
Ռեսսան երկու գիրք է հրատարակել Հարավարեւելյան Ասիայում Ալ-Քաիդայի ահաբեկչական գործողությունների վերաբերյալ, շարունակում է դասախոսել եւ զբաղվել հետաքննական լրագրությամբ: