2021 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակակիր երկու լրագրողներից մեկը՝ ֆիլիպինցի հետաքննող լրագրող Մարիա Ռեսսան, «Հրանտ Դինք» միջազգային մրցանակի երկու դափնեկիրներից մեկն է: Մրցանակը նրան տրվել է Ֆիլիպիններում մամուլի ազատության համար մղած պայքարի համար, որ նա առաջ է տանում՝ չնայած ծանր քաղաքական պայմաններին եւ կյանքին սպառնացող վտանգներին:
Հայ լրագրողի անունով կոչվող միջազգային մյուս մրցանակն այս տարի տրվել է կանանց իրավունքների պաշտպան եւ փաստաբան Ջանան Արընին Թուրքիայից:
Վերջինս օրենքի շրջանակում պայքարում է Թուրքիայում գենդերային հիմքի վրա տեղի ունեցող բռնությունների դեմ՝ հիմնվելով գիտական ուսումնասիրությունների եւ տվյալների վրա: Նա մասնակցել է բազմաթիվ հարթակների ստեղծման եւ նախաձեռնությունների: 1994-1997 թվականներին անդամակցել է «Քայլ ընդդեմ կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության» փորձագետների խմբին (Եվրոպական խորհրդի «GREVIO» խումբ): 1995-ին Ջանան Արընը մասնակցել է ՄԱԿ-ի՝ Պեկինում կայացած կանանց հարցերով 4-րդ համաժողովին, իսկ 2000-ին՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի «2000 թվականի կանայք. գենդերային հավասարություն, զարգացում եւ խաղաղություն 21-րդ դարի համար» համաժողովին: Թուրք իրավապաշտպանը 2005-ին Կանանց նկատմամբ խտրականության վերացման հանձնաժողովի (CEDAW Committee)՝ Թուրքիայում ստվերային ՀԿ-ների վերաբերյալ զեկույցի աշխատանքային խմբի անդամներից էր: 2012-ին նրա ջանքերով Թուրքիան դարձավ առաջին երկիրը, որ վավերացրեց Ստամբուլյան կոնվենցիան, իսկ 2021-ի սկզբին նրա շնորհիվ Թուրքիան հետ չկանգնեց կոնվենցիայից:
«Հրանտ Դինք» միջազգային մրցանակը հիմնել է «Հրանտ Դինք» հիմնադրամը 2009-ին եւ տրվում է ամեն տարի Դինքի ծննդյան օրը՝ սեպտեմբերի 15-ին անցկացվող մրցանակաբաշխության արարողության ժամանակ: Մրցանակը հանձնվում է խտրականությունից, ազգայնականությունից, բռնությունից զերծ, ազատ ու արդար աշխարհի ձգտող եւ այդ գաղափարին հասնելու համար անձնական զոհողություններ ցուցաբերող, կարծրատիպեր վերացնող, հասարակությանը խրախուսող անհատների, կառույցների եւ կազմակերպությունների։
Ամենամյա մրցանակը շնորհվում է երկու հոգու. մեկը՝ Թուրքիայից, մյուսը՝ արտասահմանից։ Բուն մրցանակից բացի՝ ամենամյա ուսումնասիրություններից եւ քննությունից հետո մրցանակաբաշխության հանձնաժողովը կատարում է անհատների, կառույցների, կազմակերպությունների եւ նախաձեռնությունների ընտրություն, որոնք գործունեություն են ծավալում «Հրանտ Դինք»-ի անվան մրցանակաբաշխության սկզբունքներին համապատասխան՝ այդ անունները մրցանակաբաշխության արարողության ժամանակ ներկայացնելով «Ոգեշնչման աղբյուր» խորագրի ներքո։ Մրցանակաբաշխության արարողության երաժշտության հեղինակը Արտո Թունջբոյաջյանն է: