Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) բազմաշահառու խմբի (ԲՇԽ) օրերս անցկացրած հատուկ նիստի առանցքում Լոռու մարզի Ուռուտ բնակավայրում եւ Վայոց ձորի մարզի Գլաձոր համայնքում ստեղծված լարված իրավիճակն էր:
«Ոչ ադեկվատ ակտիվություն է նկատվում կոնկրետ ընկերությունների կողմից, որոնք հետաքրքրված են մետաղական հանքերով, ուսումնասիրությունների լիցենզիա են ստացել նախարարությունից,- նշեց «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանը,- նախնական փուլի լսումներ են ուզում անել, բայց իրենց հիմնական նպատակը համայնք մտնելն ու հանքի շահագործման համաձայնություն ստանալն է, մինչդեռ այդ համայնքները կտրականապես դեմ են հանքարդյունաբերությանը»:
Վայոց ձորի մարզի Գլաձոր համայնքում կոնֆլիկտային իրավիճակ է ստեղծվել «Մետալ Գոլդ» ընկերության կողմից Գլաձորի ոսկի-բազմամետաղային հանքի պաշարների ուսումնասիրության թույլտվության պատճառով:
Դեռեւս 2019 թվականին, հիմք ընդունելով համայնքի ավելի քան երկու հազար բնակիչների կողմից ներկայացված հանրագիրը, Գլաձորի ավագանին ընդունել է «Գլաձոր համայնքը էկոտնտեսական տարածք դարձնելու եւ համայնքում մետաղական հանքարդյունաբերությունը արգելելու վերաբերյալ» որոշում:
Դրանով հայտարարվել է, որ Գլաձոր համայնքը ցանկանում է զարգացնել էկոտուրիզմը՝ հիմնված խաղողագործության ու գինեգործության, «Վերնաշեն» գինու ճանաչված ապրանքանիշի վրա, զարգացնել ժամանակակից գյուղատնտեսությունն ու գյուղմթերքի վերամշակումը:
Նույն թվականին Գլաձոր գյուղում, որտեղ արեւային օրերի քանակը կարող է հասնել տարեկան մինչեւ 300-ի, կայուն նորարարական տեխնոլոգիաների միջոցով ՓՄՁ մրցակցությունը խթանելու համար Եվրոպական միության (ԵՄ) աջակցությամբ տեղադրվել է 4000 արեւային վահանակներից բաղկացած «Արեւաձոր» կայանը: Այն արտադրում է այնքան էներգիա, որքան բավարար է 500 տնային տնտեսության կարիքները հոգալու համար։
«Արևաձորը» կառավարվում է տեղի իշխանությունների ու մասնավոր B&B-ների (գիշերակաց եւ նախաճաշ) միջեւ պետական-մասնավոր գործընկերության միջոցով: Արտադրած էներգիան վաճառվում է էլեկտրական ցանցերին, իսկ ստացված եկամուտներն օգտագործում են էլեկտրակայանը պահպանելու եւ մարզում էկոտուրիզմը զարգացնելու համար։
«Մետաղական հանքարդյունաբերությունը ոչ մի կերպ չի կարող զարգացնել մեր համայնքի տնտեսությունը: Եթե նույնիսկ այն կարճաժամկետ կտրվածքով ապահովի որոշակի հարկային եկամուտներ, ապա այդ նույն կարճ ժամկետում կազմաքանդելու է արդեն իսկ բնականորեն կազմավորված տնտեսական համակարգը, իսկ հետագայում հանգեցնելու է ահռելի ծախսերի՝ կապված սոցիալական ու բնապահպանական ավերիչ ազդեցության հետ»,- նշված է բնակիչների հանրագրում:
Սակայն լիազոր մարմինը, հաշվի չառնելով Գլաձորի բռնած զարգացման ուղին, լիցենզիա է տրամադրել հանքարդյունաբերական ընկերությանը: 2021 թվականի փետրվարի 26-ին «Մետալ Գոլդ» ՍՊ ընկերության և ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության միջեւ կնքվել է N 309 պայմանագիրը, որի համաձայն՝ ընկերությունը ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության կողմից Վայոց ձորի մարզի Գլաձորի բազմամետաղային հանքավայրի օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երեք տարի ժամկետով ստացել է ուսումնասիրության թույլտվություն:
«Մետալ Գոլդ»-ն էլ, իր համախոհներին խոստանալով բարձր աշխատավարձով նոր աշխատատեղեր, փորձում է կորզել համայնքի համաձայնությունը: Այս հանգամանքը կոնֆլիկտ է առաջացրել հանքարդյունաբերության դեմ հանդես եկող բնակիչների եւ ընկերության համախոհների միջեւ:
«Ընկերությունն արդեն քանի անգամ փորձում է անցկացնել լսումներ: Չստանալով համաձայնություն՝ հայտարարում է, որ դա լսում չէր, հանդիպում էր»,- նշեց տիկին Զարաֆյանը:
Ընդամենը օրեր առաջ Գլաձորի համայնքապետարանի պաշտոնական կայքում հայտարարություն էր տեղադրվել, որ «նոր հանրային լսումը կանցկացվի 2021 թվականի հոկտեմբերի 5-ին՝ 18:30-ին, Գլաձոր համայնքի Գլաձոր բնակավայրի ֆուտբոլի դաշտում»:
Նախորդ՝ սեպտեմբերի 23-ին կազմակերպված հանրային լսումը չէր կայացել հակահամաճարակային կանոնների պահպանման անհնարինության պատճառով։
Ֆուտբոլի դաշտի տարածքում հավաքված բնակիչներին «Մետալ Գոլդ»-ի տնօրեն Արամ Տեր-Օսիկյանն ասել էր, որ մարդկանց ականջները լցնում են հանքարդյունաբերության մասին սարսափազդու տեղեկություններով: Տարաբնույթ հարցադրումներից հետո համայնքի ղեկավարը հայտարարել էր, որ սա ուղղակի ժողով է, ոչ թե հանրային լսում:
Ինչ վերաբերում է Լոռու մարզի Ուռուտ բնակավայրին, ապա բնակիչները երեք անգամ հստակ նշել են իրենց դիրքորոշումը: Նրանք թույլ չեն տվել, որ «Ջին Հոլդինգ Լիմիթիդ» ՍՊԸ-ն բազմամետաղային հանքային դաշտում երկրաբանահետախուզական աշխատանքների իրականացման համար հանրային լսումներ անցկացնի: Այդուհանդերձ, ընկերությունը շարունակում է համայնքի համաձայնությունը ստանալու համար համախոհներ փնտրել, հավաքել իր կողմնակիցների ստորագրությունները՝ համայնքում ստեղծելով լարված իրավիճակ:
Ի պատասխան, ուռուտցիները ստորագրահավաք են իրականացրել ու սեպտեմբերի 7-ին 430 ստորագրությամբ դիմել Ուռուտ գյուղի վարչական ղեկավարին, Լոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավարին եւ ավագանուն՝ հայտնելով իրենց մտահոգությունը:
Նրանք համոզված են, որ երկրաբանահետազոտական ուսումնասիրությունների անցկացման ցանկությունը հղի է հանք բացելու հեռանկարով։
«Լսումները երեք անգամ տեղի չեն ունեցել, որից հետո հաջորդ լսումներ նշանակելը համարում ենք անթույլատրելի»,- նշել են նրանք դիմումի մեջ: Ուռուտ բնակավայրի վարչական ղեկավարից նրանք պահանջել են պաշտպանել բնակավայրի շահերը եւ Ուռուտի բնակչության անունից Լոռի Բերդ խոշորացված համայնքի ավագանու օրակարգ մտցնել Ուռուտի տարածքում հանքի բացման անթույլատրելիության հարցն ու մերժել երկրաբանահետազոտական ուսումնասիրության աշխատանքների համար համայնքի նախնական թույլտվությունը։
Այսպես՝ ընկերության հայտը մի քանի անգամ մերժած ազդակիր բնակավայրերին չի հաջողվում ազատվել հանքարդյունահանող ընկերությունների «հետապնդումներից»: Ուստի Հայաստանի ԱՃԹՆ ԲՇԽ քաղաքացիական հասարակության խմբակցության անդամները հատուկ նիստի ժամանակ առաջարկել են փոփոխություններ մտցնել Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ու փորձաքննության (ՇՄԱԳՓ) մասին օրինագծում (ներկայում մշակման գործընթացում է) եւ արգելել ամեն մի փուլում երկուսից ավելի հանրային լսում անցկացնելը: Առաջարկվել է նաեւ, որը համայնքն ունենա ավագանու կողմից ընդունված եւ իրավական ակտ համարվող հանքարդյունաբերությանը հակասող զարգացման ծրագիր:
ԱՃԹՆ ԲՇԽ քաղաքացիական հասարակության խմբակցությունը պատրաստվում է հրավիրելու ԲՇԽ-ի նիստ բոլոր շահագրգիռ կողմերի՝ կառավարության ու բիզնեսի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ ներկայացնելու նշված խնդիրներն ու առաջարկները: ԱՃԹՆ ԲՇԽ-ի ձևաչափը թույլ է տալիս կոնսենսուսի միջոցով վերհանել հանքարդյունաբերական ոլորտի խնդիրներն ու լուծումներ տալ դրանց:
Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։