Անահիտը Այգեհատի հիմնական դպրոցի միակ առաջին դասարանցին է, բայց դասերին նա մենակ չի լինում։ Դասարանը երկկոմպլեկտ է։ Առաջին եւ երրորդ դասարանցիները միասին են սովորում։ Ի դեպ, այս դպրոցում բոլոր դասարաններն են այսպիսին, իսկ վեցերորդ դասարան ընդհանրապես չկա։
Վերջին 15-20 տարիներին պատկերն այսպիսին է․ Այգեհատը ծերացող գյուղ է դարձել։ Պատճառն, ասում են, արտագաղթն է եւ ծնելիության ցածր մակարդակը։
«Մինչեւ 80 աշակերտ ունեցել ենք նախկինում, երկրաշարժից հետո էլ քաղաքից գյուղ հոսք եղավ, ու աշակերտների թիվն ավելացավ։ Բայց այդ ժամանակ էլ կոմպլեկտավորում էին դասարանները։ Հիմա աշխատատեղ չկա գյուղում, երիտասարդներն էլ չեն ուզում հողի հետ աշխատել ու ձգտում են դուրս գալու։ Իմ թոռնիկն էլ ամեն անգամ հարցնում է՝ ինչո՞ւ մենք էլ չենք գնում քաղաքում ապրելու», — պատմում է դպրոցի երկարամյա դասվար Անահիտ Արզումանյանը։ Երբ հանդիպեցինք, նա դպրոցի միակ առաջին դասարանցի իր թոռան հետ տեխնոլոգիայի դաս էր անցկացնում։
Ըստ դասվար Արզումանյանի՝ հաճախ դասարանի մթնոլորտն է պարտադրում ուսուցչի անելիքը։ «Երբ աշակերտների թիվը մեծ է, աշխատանքն ավելի հետաքրքիր է եւ պատասխանատու, իսկ քիչ երեխաների հետ, այն էլ կիսված դասաժամով, շատ է պատահում, երբ ասելիքն «օդում» է մնում, որեւէ արձագանք չի լինում»։
Արդեն 15 տարի Այգեհատի դպրոցը ղեկավարում է Պարույր Շահվերդյանը։ Նա այս դպրոց եկել է 1993 թվականին որպես պատմության եւ աշխարհագրության ուսուցիչ։ Այդ ժամանակ դպրոցը 48 աշակերտ է ունեցել, թիվը տարեցտարի նվազել է։ Տնօրենը հիմա շախմատ է դասավանդում։ Ասում է՝ թեպետ դասարանները երկկոմպլեկտ են, բայց ամեն առարկայի համար ուսուցիչ ունեն․ կրթության որակը պետք է բարձր լինի։ Դպրոցի 16 աշակերտին 11 ուսուցիչ է դասավանդում։
«Չեմ մտածում որեւէ մեկին կրճատել, որպեսզի մի ընտանիք եւս չարտագաղթի գյուղից։ Ավելի լավ է բյուջեի գումարը ծախսեմ ու դասատուներին աշխատավարձ տամ, որակ լինի։ Երկկոմպլեկտ դասարանները տեղով խնդիր են ուսուցչի համար։ Երեխան մեղավոր չէ, որ մենակ է դասարանում։ Մասնագետի պակաս չունենք, բոլոր ուսուցիչները մեր գյուղից են, միայն ռուսերենի եւ գերմաներենի մասնագետներն են Օձունից գալիս»,- իրավիճակը ներկայացնում է տնօրենը։
Դպրոցի 23 մլն դրամ բյուջեի մեծ մասն աշխատավարձ է վճարվում։ Տնտեսական ծախսերն, ըստ տնօրենի, գոյացել է նախորդ տարիների մնացորդի հաշվին, հիմնականում գազի տնտեսումից։
«Շենքը տաքացնելու համար նախատեսված 1 մլն դրամի կեսը տնտեսում ենք, որովհետեւ «բաքսի» (ջեռուցման կաթսա) չենք վառում․ անիմաստ է։ Գազի վառարաններով կարողանում ենք դասասենյակներում սահմանված ջերմաստիճանը պահել։ 2019-ին մեր տնտեսած գումարից 2 մլն դրամ էլ մարզպետարանն ուղղեց Մեծ Այրումի դպրոցի տանիքի հիմնանորոգմանը, մնացած 4 մլն դրամը մնաց մեր լրացուցիչ ծախսերի համար», — պատմում է Պարույր Շահվերդյանը։
Ինչպես ներկայացնում է տնօրենը, որակյալ կրթություն ապահովելու համար ոչինչ չեն խնայում, բայց կա մի հանգամանք, որը մտահոգում է մանկավարժին։ Դասարանում 1-2 հոգով սովորելուց հետո իրենց աշակերտներն այլ միջավայրում շատ են դժվարանում ու մեկուսանում են։ Միջնակարգ կամ ավագ դպրոցում ամենաքիչը մեկ տարի անցնում է, մինչեւ որ ինտեգրվում են նոր դասարանին ու սկսում լիարժեք մասնակցել դասերին։
2020-ին Լոռու նախկին մարզպետ Անդրեյ Ղուկասյանն, անդրադառնալով մարզի՝ փոքրաթիվ աշակերտներ ունեցող դպրոցների խնդրին, ասել էր, որ այլընտրանք չունեն։
«Բնական է՝ կրթության որակը տուժում է, բայց ավելի լավ է այս կերպ, քան գյուղում դպրոց չլինի։ Չի բացառվում, որ հետագայում լինի այնպիսի մոտեցում, որ տվյալ գյուղի երեխաները հարեւան գյուղում դպրոց գնան։ Բայց այս մոտեցումն առաջին հերթին պետք է լինի բնակիչների կողմից։ Ներկայում ոչինչ չենք կարող անել, բայց նման դպրոցների խնդիրը մեր խոշորացույցի տակ է»,- նշել էր մարզի նախկին ղեկավարը։
Այգեհատը Օձուն խոշորացված համայնքի 9 բնակավայրերից է՝ վարչական կենտրոնին ամենամոտ գտնվողներից մեկը (4 կմ): Օձունում 2 միջնակարգ դպրոց կա, որտեղ ընդհանուր 546 աշակերտ է սովորում։ Այգեհատում դպրոցն ավարտելուց հետո աշակերտները հիմնականում Օձունում են շարունակում կրթությունը, բայց, ըստ Պարույր Շահվերդյանի, նման դեպք չի եղել, որ հիմնական կրթության համար գյուղի երեխաները Օձուն գնան։
Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի (emis.am) տվյալների բազայից տեղեկանում ենք, որ 2021-2022 ուսումնական տարում Լոռու մարզի գյուղական բնակավայրերի 100 դպրոցներից չորսը՝ Դաշտադեմի, Ահնիձորի, Ծաղկաշատի եւ Այգեհատի, ընդունել են 1 առաջին դասարանցի։
200 բնակիչ ունեցող Այգեհատում մարդիկ հիմնականում դաշտավարությամբ, այգեգործությամբ եւ անասնապահությամբ են զբաղվում։
Գյուղի 350 հա վարելահողից 272-ը սեփականաշնորհված է, բայց չնչին մասն է մշակվում։ Այգեհատի վարչական ղեկավար Արշակ Շահվերդյանն ասում է՝ գյուղացիները ծախսերից խուսափելու համար են անմշակ թողնում հողերը, հետո խոտը հնձում են ու որպես անասնակեր օգտագործում։
Այգեհատը գազաֆիկացված է, ապահովված խմելու, մասամբ էլ՝ ոռոգման ջրով։ Համայնքի սուբվենցիոն ծրագրով մեկ փողոց ասֆալտապատվել է, մինչեւ տարեվերջ էլ մեկ այլ փողոցում տուֆով սալարկում կարվի։ Գյուղի երեք փողոցներ լուսավորված են, եւս երկուսում այս տարի գիշերային լուսավորություն կլինի։
Ապագան խոստումնալից է, ասում է Այգեհատի վարչական ղեկավար Արշակ Շահվերդյանն ու ավելացնում՝ գյուղում մասնավորի կողմից 40 հա այգիների հիմնում է նախատեսվում։ Նախկինում 18 հա ընկույզի այգի է հիմնվել, որտեղ, ըստ վարչական ղեկավարի, մոտ 20 մարդ է աշխատում։ Նաեւ պահածոների արտադրամասի հիմնում է սպասվում, թափոնների վերամշակում ու էկոբրիկետների արտադրություն, որի շնորհիվ 300 աշխատատեղ կստեղծվի։
Բայց, չնայած արդեն իրականացված ու սպասվելիք ծրագրերին, վարչական ղեկավարն ինքն էլ փաստում է՝ երիտասարդները գյուղում չեն մնում, ընտանիք են կազմում եւ տեղափոխվում։ Այգեհատում նախորդ տարի 1 երեխա է ծնվել։ Այս տարի ծնունդ դեռ չի եղել։
Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։