Ըստ Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության (OECD) զեկույցի՝ աշխատանքային ժամերի շաբաթական միջին տեւողությամբ աչքի ընկած երկրների շարքում Թուրքիան առաջին տեղում է: Թուրքիայում շաբաթական միջին աշխատաժամերի քանակը կազմում է 45․6 ժամ։ Իսկ եվրոպական երկրներից, օրինակ, Դանիայում այդ ցուցանիշը կազմում է 32․5 ժ, Նիդերլանդներում՝ 29 ժ, Ֆրանսիայում եւ Բելգիայում 36 ժ, Հունաստանում եւ Չեխիայում՝ 39 ժ։
OECD զեկույցում նշված չէ, թե տարբեր երկրներում փաստացի աշխատանքային ժամերի քանակը որքանով է տեղավորվում այդ երկրի օրենքների սահմաններում։ Թուրքիայում, օրինակ, օրենքով նախատեսված է շաբաթական առավելագույնը 45 աշխատաժամ։ Անգլիայում օրենքով նախատեսված է շաբաթական առավելագույնը 48 աշխատանքային ժամ, սակայն անգլիացիներն աշխատում են շաբաթական միջինը 36․3 ժ։
Մասնագետները պնդում են, որ չափից դուրս երկար աշխատանքային շաբաթն ու հավելյալ աշխատաժամերը միայն բացասաբար են ազդում աշխատանքի արդյունավետության վրա։