ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հիմքի վրա կբացվի ճարտարապետության հուշարձանների վերականգնման եւ պահպանման ամբիոն:
Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Եղիազար Վարդանյանը հայտնել է, որ ամբիոնը կսկսի գործել 2022-ին։ «Ամբիոնի հիմքի վրա աշխատանքներ են տարվելու ճարտարապետական ժառանգության վերականգնման ուղղությամբ, մշակվելու է ուսումնական ծրագիր եւ այլն»,- ընդգծել է նա։
Վարդանյանը նշել է, որ պատմամշակութային ժառանգության պահպանման շրջանակում բուհի մասնագետները կատարել են Արցախի մշակույթի եւ ճարտարապետության 12 հուշարձանների եռաչափ մոդելավորում, ֆոտոգրամետրիա եւ սքանավորում։ Նախարարության ներկայացրած ցանկում ընդգրկված են նաեւ այն հուշարձանները, որոնք նոյեմբերի 9-ից հետո մնացել են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում:
Եղիազար Վարդանյանը, որը մասնակցում է «Պատմամշակութային ժառանգության պահպանումը որպես պետությունների միջեւ արդյունավետ երկխոսության միջոց» թեմայով միջազգային համաժողովին, ասել է, որ գիտաժողովի աշխատանքների ավարտից հետո կընդունվի ամփոփիչ հռչակագիր՝ հստակ ամրագրված կետերով։ «Փաստաթուղթը, մասնավորապես, գիտաժողովի մասնակիցներին պարտավորեցնելու է համապատասխան աշխատանք տանել ոչնչացման վտանգի տակ գտնվող մշակութային հուշարձանների պահպանության ուղղությամբ»,- ընդգծել է Վարդանյանը։
Գիտաժողովի մասնակիցների թվում են Ռուսաստանի, Ղազախստանի, Բելգիայի, Իտալիայի, Իսպանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Վրաստանի, Հայաստանի առաջատար մասնագետները: