Հայաստանյան տասնմեկ լրագրողական կազմակերպություններ հիասթափեցնող ու վրդովեցուցիչ են հռչակել ՍԴ հոկտեմբերի 9-ի որոշումը, որով «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» մարտի 24-ին ԱԺ ընդունած օրենքը համարվել է Սահմանադրությանը համապատասխանող։ Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրից:
Ըստ հայտարարության հեղինակների՝ Բարձր դատարանի որոշումը հաշվի չի առնում տվյալ խնդրին վերաբերող՝ Եվրոպայի Խորհրդի հանձնարարականներն ու Եվրոպական դատարանի մի շարք նախադեպային որոշումների պահանջները։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հեղինակած նախագծով վիրավորանքի համար այսուհետեւ սահմանվում է մինչեւ 3 միլիոն դրամ տուգանք` նախկին 1 միլիոնի փոխարեն, իսկ զրպարտության դեպքում՝ 6 միլիոն դրամ՝ նախկին 2 միլիոնի փոխարեն։
Հայտարարության հեղինակները խորհրդարանից պահանջել են վերանայել լրատվամիջոցների գործունեությանը վերաբերող ամբողջ օրենսդրական դաշտը, չեղարկել վերջերս ընդունված՝ միջազգային նորմերին հակասող օրենքներն ու հրաժարվել շրջանառության մեջ դրված նման նախագծերի ընդունումից:
Լրագրողական կազմակերպություններն առաջարկել են նախաձեռնել մասնագիտական բաց քննարկումներ՝ լրատվամիջոցների ոլորտի իրավական կարգավորումների հայեցակարգ մշակելու նպատակով:
Որպես նախագիծ շրջանառվելիս օրենքը քննադատել էին նաեւ մի քանի միջազգային կառույցներ՝ «Freedom House», «Լրագրողներ առանց սահմանների» եւ այլն:
Հայտարարության հեղինակները միջազգային կազմակերպություններից պահանջել են քննարկման առարկա դարձնել խորհրդարանի՝ զանգվածային լրատվամիջոցներին վերաբերող օրենքների ընդունման եւ այդ գործընթացում միջազգային նորմերի անտեսման խնդիրները եւ իրավիճակը շտկելու միջոցներ ձեռնարկել։