Թաիլանդը կբացի իր սահմանները կորոնավիրուսով վարակվելու նվազագույն վտանգ ներկայացնող 10 երկրներից ժամանող ճանապարհորդների համար:
Նոյեմբերի 1-ին կհրապարակվի այն երկրների ամբողջական ցանկը, որտեղից ժամանող զբոսաշրջիկներին կթույլատրեն երկիր մուտք գործել նոր կանոններով։ Այդ ցանկում միանշանակ կլինեն ԱՄՆ-ը, Չինաստանը, Գերմանիան, Մեծ Բրիտանիան եւ Սինգապուրը։
Երկրի վարչապետ, գեներալ Պրայուտ Չան Օչան հայտարարել է, որ երկիր ժամանող ավիաչվերթներով կթույլատրվի առանց կարանտինի Թաիլանդ մուտք գործել պատվաստանյութերի համապատասխան չափաբաժիններով լիովին պատվաստված զբոսաշրջիկներին:
Լիարժեք պատվաստված լինելը, այնուամենայնիվ, զբոսաշրջիկներին չի ազատում ՊՇՌ թեստ ներկայացնելու պահանջից։ Երկիր մուտք գործելիս նրանք պետք է ներկայացնեն թեստի բացասական պատասխան։