ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրավերով հոկտեմբերի 12-ին եռօրյա այցով Հայաստան կժամանի Իրանի գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին
Ըստ ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայության՝ հրավերի նպատակը երկու երկրների դատախազությունների միջեւ հաջողությամբ զարգացող համագործակցությանը նոր խթան հաղորդելու փոխադարձ շահագրգռությունը հավաստելն է։ Այցի շրջանակում նախատեսված են ընդլայնված կազմով բանակցություններ երկու երկրների գլխավոր դատախազների միջեւ:
Կքննարկվեն կապերի ամրապնդմանը, քրեական գործերով իրավական փոխօգնության շրջանակում միջնորդությունների կատարմանը, տարածաշրջանային եւ համապարփակ ընդգրկում ունեցող հանցագործությունների դեմ պայքարում երկու երկրների իրավապահ մարմինների կողմից գործադրվող ջանքերի համատեղմանը եւ արդյունավետության բարձրացմանը, միմյանց երկրներում գտնվող քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր:
Նախատեսված են նաեւ բարձր մակարդակի մի շարք այլ հանդիպումներ:
Վերջին 8 տարվա ընթացքում՝ 2013-ից ի վեր սա Իրանի գլխավոր դատախազի առաջին այցն է Հայաստան։ Դրան նախորդել էր 2018-ի նոյեմբերին ՀՀ գլխավոր դատախազի այցը Թեհրան՝ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերիի հրավերով: