Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլաեւան, մեկնաբանելով Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանի՝ լիբանանյան «Ալ-Մանար» հեռուստաալիքին տված հարցազրույցի՝ սիրիացի զինյալներին վերաբերող հատվածը, պնդել է, թե Ադրբեջանի տարածքում ահաբեկիչներ չկան եւ չեն եղել, ինչի մասին Ադրբեջանը հայտարարել է 44-օրյա պատերազմի ընթացքում եւ այսօր էլ վերահաստատում է իր այդ հայտարարությունները։
«Իրանի արտգործնախարարությունը չի դադարեցնում Ադրբեջանի դեմ ուղղված զրպարտչական արշավը»,- այսօր Բաքվում հայտարարել է Աբդուլաեւան։
Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հավելել է, թե զարմանալի է, որ պատերազմի ժամանակ Իրանը նման մեղադրանքներ չէր հնչեցնում։
Ընդամենը կարող են սադրել
Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայությունը եւս այսօր հերքել է Իրանի սահմանապահ զորքերի հրամանատար, գեներալ-մայոր Ալի Գուդարզիի հայտարարությունը, ըստ որի՝ «իսրայելցիները ներկա են իրանա-ադրբեջանական սահմանի երկայնքով։ Նրանց հստակ թիվը, սակայն, հայտնի չէ»։
Գուդարզին նաեւ հայտարարել է, թե Բաքուն իսրայելական ուժերի դրդմամբ է նոր կարգ սահմանել Իրանից Հայաստան գնացող ճանապարհի՝ ղարաբաղյան վերջին պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած 21 կիլոմետրանոց հատվածում։
«Իսրայելցիները գիտեն, որ Իրանն այնպիսի զսպող ուժ ունի, որ իմաստ չունի օպերատիվ ուժ տեղակայել մեր սահմանների մոտ։ Նրանք ընդամենը կարող են սադրել տարածաշրջանի երկրներին փոխել սահմանները կամ արգելել բեռնատարների մուտքը եւ բարձրացնել դրանց մուտքի վճարները»,- ասել է իրանցի գեներալը՝ շեշտելով, որ տարածաշրջանի բոլոր երկրներից իսրայելցիները առավել ակտիվ են Ադրբեջանում։
Օտար ուժերի աջակցության կարիքը չունեն
Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները պնդել են, թե «Ադրբեջանական հանրապետության սահմաններին երրորդ երկրների ներկայացուցիչներ երբեք չեն եղել, չկան եւ չեն լինի»։ Նրանք հայտարարել են, թե գերատեսչությունը օժտված է երկրի սահմանների պաշտպանության համար բոլոր անհրաժեշտ ժամանակակից միջոցներով եւ «օտար ուժերի աջակցության կարիքը չունի»։
Փոխադարձ զգուշացումների շարան
Պաշտոնական Բաքուն ու Թեհրանը վերջին օրերին փոխադարձ մեղադրանքներ են հնչեցնում: Իրանի գերագույն հոգեւոր առաջնորդ Ալի Խոմենեին եւ արտգործնախարարը հայտարարել են, թե չեն հանդուրժի իսրայելական ուժերի եւ ահաբեկիչների ներկայությունն իրենց սահմանների անմիջական հարեւանությամբ:
Իլհամ Ալիեւն էլ նախօրեին՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներ այցի ժամանակ, Իրանին զգուշացրել է չխառնվել իրենց ներքին գործերին։