Քառասունչորսօրյա պատերազմին նախորդած տասնամյակում Երեւանում եւ Ստեփանակերտում ովքե՞ր էին խոսում խաղաղության, բարիդրացիության, տնտեսական համագործակցության մասին: Քաղաքական միակ ուժը, որ այդ մասին բարձրաձայնում էր, ՀԱԿ-ն էր: Ավելի ճիշտ՝ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն էր «գուժում» գալիք աղետը:
Ստեփանակերտում պետական-պաշտոնական մակարդակով ձեւակերպված էր, որ «մադրիդյան սկզբունքները տանում են ոչ թե խաղաղության, այլ նոր պատերազմի»: Մեծ երեւակայություն էր պետք նման «բանաձեւ» հայտնագործելու եւ այն արտաքին քաղաքականության ուղեցույց դարձնելու համար։ Երբ մեկնումեկը երկչոտ հարց էր տալիս, թե բանակցությունների սեղանին տեղ ունենալու դեպքում արցախյան դիվանագիտությունն ինչ է առաջարկելու Ադրբեջանին, նրան նայում էին խղճահարությամբ. «Կնստենք, կասենք»:
Այդ եւ նախորդ տարիներին մի քանի անգամ հրապարակային հարցադրում եմ արել. «Մենք կարգավորում ուզո՞ւմ ենք»: Ավելացրել եմ, որ խաղաղ-բանակցային կարգավորման ցանկացած տարբերակ, ամենավատթարը, որ մեր մտքից անցկացնել անգամ չենք ուզում (Ադրբեջանի կազմում ինքնավարություն), հակառակորդի պարտությունն է, որովհետեւ նա ազգային-պետական մի նպատակ ունի միայն՝ ուժով գրավել «իր տարածքները» եւ բռնատեղահանել հայ բնակչությանը:
«Եթե Հայաստանում ադրբեջանցիներ չեն ապրում, ուրեմն Ադրբեջանում էլ հայեր չպետք է ապրեն»,- այս կարգախոսը հին է այնքան, որքան ԼՂ հիմնախնդիրը: Հին է նաեւ Զանգեզուրի թեման: 1988-1989-ին Ադրբեջանը կատաղի պայքար էր տանում, որպեսզի Սյունիք-Սեւանի արեւելյան ափեր հատվածում ձեւավորվի ադրբեջանական գոնե ազգային-մշակութային ինքնավարություն: Մոսկվայի կողմից շրջանառության դրած «События в Нагорном Карабахе и вокруг него» ձեւակերպման ենթատեքստը խնդիրը հայ-ադրբեջանական հակամարտություն ներկայացնելու ռազմաքաղաքական նշանակություն ուներ:
Սեւ լճի շրջան, Գեղարքունիքի որոշ հատվածներ ադրբեջանական ներխուժումը եւ «Զանգեզուրի միջանցք» սեւեռուն գաղափարը գալիս են այն ժամանակներից, երբ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի հրամանագրով արտակարգ դրության շրջանի մեջ ներառվել էր նաեւ Գորիսը: Բայց մենք կարողանո՞ւմ ենք տեսնել իրականության խորքը: Մենք նույնիսկ քաղաքական խոսքի ենթատեքստն ենք անուշադրության մատնում:
Մեկն օրերս Ֆեյսբուքում գրել էր, որ Նժդեհը Սյունիքից հեռացել է, երբ անձամբ Հայաստանի կոմունիստ վարչապետ Մյասնիկյանից հավաստիացում է ստացել, որ հարցը որոշված է՝ Զանգեզուրի հայկական մասը մնում է Խորհրդային Հայաստանի կազմում: Մեկնաբանությունների ի՜նչ հեղեղ էր հաջորդել… Մարդուն պարզապես գամել էին անարգանքի սյունին, թե ինչպես է համարձակվում նսեմացնել Նժդեհին: Մինչդեռ իրականություն է, որ Սյունիքն իր ներկա սահմաններով իրոք բոլշեւիկյան Ռուսաստանի վճռական որոշմամբ է մնացել հայկական:
Իրականություն է, որ ստեղծվել է սահմանազատման-սահմանագծման խառը՝ հայ-ադրբեջանական հանձնաժողով, որը գյուղ առ գյուղ, հանդամաս առ հանդամաս նախկին ցարական Ռուսաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառը բաժանել է խորհրդային Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ, ինչպես որ Ղազախի գավառը: Ճիշտ այդպես էլ Շուշիի եւ Ջիվանշիրի գավառներից առանձնացրել են հայաբնակ տարածքներն ու կազմավորել Ինքնավար Լեռնային Ղարաբաղ, որի հռչակումը խորհրդային Ադրբեջանի Կենտգործկոմը ձգձգել է ամբողջ երկու տարի:
Քաղաքական պատմությունը «Քույրիկ, կապիր զիմ պատրոնտաշ» երգ չէ, ոչ էլ «Արցախը չենք թողնի թշնամուն/Թեկուզ մի հայ մնա կենդանի…», որովհետեւ աշխարհում բազմաթիվ են օրինակները, երբ մի ժողովրդի հերոսական, նույնիսկ հաղթական պայքարն ավարտվել է աղետով: Եվ, ընդհակառակը, շահել են նրանք, որ կաթիլ իսկ արյուն չեն հեղել, եթե այդպես է պահանջել աշխարհաքաղաքական նպատակահարմարությունը:
Օտարալեզու հայ լրագրողն ինձ գրավոր հարց է ուղղում՝ կարո՞ղ էինք խուսափել անցյալ տարվա կապիտուլյացիայից, եւ զարմանում (միամտանամ եւ հավատամ, որ՝ անկեղծորեն), երբ պատասխանում եմ, որ նոյեմբերի 9-ի եռակողմ Հայտարարությունը Հայաստանի կապիտուլյացիան չէ: Պարտություն՝ այո, աղետ՝ այո: Բայց կապիտուլյացիան այն է, երբ երկիրը զրկվում է նույնիսկ անվանական իշխանությունից, նրա զինված ուժերը կազմալուծվում են, հաստատվում է օտար կառավարում, եւ հաղթողն ինքն է որոշում՝ արժե՞ վերակենդանացնել այդ երկիրը, թե՞ ավելի հարմար է բռնակցել:
Կապիտուլյացիա չէ, բայց արժանապատիվ զինադադար էլ չէ: Եվ օրվա գերխնդիրն է երկիրը դուրս բերել «հինգ րոպե կապիտուլյացիայից պակաս» իրավիճակից: Դրան հասնելու համար ահռելի ջանքեր են պահանջվում, իսկ մենք շարունակում ենք մնալ եւս մեկ աղետի սպասող: Ամենավտանգավորն այն է, երբ քչերն են իշխանության ձեռնահասունությանը հավատում, բայց կրկնակի անվստահություն էլ ինստիտուցիոնալ ընդդիմության հանդեպ կա: Ո՛չ առաջինն է լայնքով եւ խորքով գնահատում գլոբալ միջավայրը, ո՛չ երկրորդը:
Հայաստանում պետական պատասխանատվության ահռելի դեֆիցիտ է, ռազմաքաղաքական վակուում, որ փորձում են լցնել բոլոր շահագրգիռ կողմերը: Ամեն մեկը՝ յուրովի եւ իր չափով: Աղետից հետո՝ նոր աղետի սպասում, ահա հայ իրականությունը, որտեղ նոր ոչինչ չի ծնվում, ամեն ինչ պտտվում է անցյալի շուրջը՝ որպես ֆատալիստական փակ շրջան:
Ռազմական ձախողումից ապահովագրված չէ աշխարհի նույնիսկ ամենահզոր բանակը: Ազգերը, պետությունները կարողանում են թոթափել պարտության բարդույթը, վերստին ինքնակազմակերպվել եւ արժանապատիվ կեցվածք ընդունել, եթե կարողանում են ապագայի գաղափարաքաղաքական ձեւակերպում գտնել: Ո՞րն է ապագա Հայաստանի գաղափարը, ո՞վ կասի…
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։