Հարավային Կովկասում առաջին մասնավոր պահպանվող տարածքը՝ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը (CWR), նշեց իր 10-ամյակը։ Ապաստարանը հիմնվել եւ կառավարվում է Վայրի բնության մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից: Այն ստեղծվել է տարածաշրջանի հազվագյուտ ու էնդեմիկ կենսաբազմազանությունը պահպանելու, պահպանման առավել արդյունավետ կառավարմանը նպաստելու, հատկապես կենդանական եւ բուսական աշխարհի պահպանությունը ԲՀՊՏ-ներին կից բուֆերային գոտիներում ու կենդանական աշխարհի միգրացիոն միջանցքներում բարելավելու նպատակով: CWR-ի գործունեությամբ միաժամանակ նախադրյալներ են ստեղծվել հարակից համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման համար։
CWR-ն զբաղեցնում է 30000 հեկտար տարածք: Համեմատության համար նշենք, որ հարեւանությամբ գտնվող «Խոսրովի անտառ» պետական արգելոցի մակերեսը 23213 հեկտար է:
Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը մասնավոր պահպանվող գոտի է: Որսն այստեղ արգելված է։ Ըստ հիմնադիրների՝ բնության նկատմամբ ապօրինությունները հնարավոր է լինում կանխել անտառապահների ու տեսախցիկների մշտական հսկողության շնորհիվ։ Տարածքում կարելի է տեսնել տարատեսակ հազվագյուտ կենդանատեսակներ՝ առաջավորասիական (պարսկական կամ կովկասյան) ընձառյուծ, բեզոարյան այծեր, գորշ արջեր, մորուքավոր ու սեւ անգղեր, քարարծիվներ, սպիտակագլուխ անգղեր, երկարաոտն սցինկ, այլ հազվագյուտ կենդանատեսակներ:
Հոկտեմբերի 8-ին Ուրցաձոր համայնքում գտնվող Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի էկո-կենտրոնում տեղի ունեցավ ապաստարանի 10-ամյակին նվիրված միջոցառում, որին ներկա էին FPWC-ի, հովանավոր ու գործընկեր կազմակերպությունների, բնության պահպանությամբ հետաքրքրված կրթական հաստատությունների ներկայացուցիչներ։ CWR-ի ծնունդն ու 10-ամյա ուղին ներկայացվեց կարճամետրաժ ֆիլմի միջոցով:
«Արդեն 10 տարի է, ինչ մենք հիմնել ենք Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը։ Սկսել ենք 300 հեկտարից, իսկ այժմ այն արդեն 30000 հեկտար տարածք է զբաղեցնում, եւ այս ամենը՝ շնորհիվ նաեւ մեր գործընկերների աջակցության, որոնք կանգնած եմ մեր կողքին ու ուժեղ են դարձրել մեզ»,- ասաց FPWC հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը: Նա նաեւ շնորհակալություն հայտնեց թիմին՝ նախաձեռնված բոլոր ծրագրերի կողքին լինելու համար: Այս ընթացքում կազմակերպությունը տարբեր մրցանակներ է ստացել, այդ թվում ոսկե մեդալով պարգեւատրվել շրջակա միջավայրի նախարարության կողմից:
Միջոցառման ընթացքում հյուրերն իրենց անվանական, վայրի ծառատեսակների սերմերից ստացված ծառերը տնկեցին:
«Երբ առաջին անգամ այս տարածք եկանք, այստեղ ոչինչ չկար: Ամեն ինչ տափաստան էր հիշեցնում, սակավաջուր եւ առանց բուսականության հողակտոր, որտեղ ծառ աճեցնելու միտքն անգամ համարձակություն էր պահանջում: Կյանքն ապացուցում է, որ երբ նպատակ կա եւ բավարար կամք, հաջողության կարելի է հասնել: Այժմ սա հատուկ պահպանվող տարածք է»,- իր ողջույնի խոսքում նշեց Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
CWR անտառապահներին հանձնվեցին շնորհակալագրեր տարիների անձնվեր ու պատասխանատու աշխատանքի համար։ Մասնավոր պահպանվող տարածքի 10-ամյակն արժեւորվեց եւս մի կարեւոր իրադարձությամբ. միջոցառման մասնակիցները հնարավորություն ունեցան տեսնելու օրեր առաջ տարածքի թակարդ-տեսախցիկների որսած Նովա անունով ընձառյուծի կադրերը: Մասնագետները ենթադրում են, որ այն էգ է՝ վարկածը հիմնավորելով նրանով, որ Խոսրովի անտառում ու հարակից տարածքներում բնակվում է Նեո անունով արու ընձառյուծը: Նոր հովազը՝ Նովան, հավանաբար եկել է ընկերակցելու նրան։
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հետ համագործակցությամբ ցուցադրվեց Վիկտոր Կոսակովսկու «Գունդա» ֆիլմը, որի հիմնական գաղափարն այն է, որ մեք մեր մոլորակը կիսում ենք միլիարդավոր այլ կենդանիների հետ: Գունդա մայր խոզի, երկու կովերի ու միոտանի հավի հանդիպումների միջոցով այն կյանքի բնածին արժեքների ու բոլոր կենդանի էակների առեղծվածի մասին մտորելու առիթ է տալիս:
Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։