Հայաստանի Հանրապետության դեսպանություններն ու հյուպատոսությունները շարունակում են արտասահմանում նշել Հայաստանի անկախության 30-ամյակը: Օրերս Հայաստանի անկախության տոնը նշվել է Լաս Վեգասում՝ կոնգրեսականների, Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսի, ԱՄՆ հայոց Արեւմտյան եւ Արեւելյան թեմերի առաջնորդների, Լաս Վեգասի հայ-ամերիկյան կազմակերպությունների ներկայացուցիչների ներկայությամբ: Տեղի է ունեցել գեղարվեստական միջոցառում:
Իսկ Հայաստանի Անկախության 30-ամյակի ամենամեծ միջոցառումն ԱՄՆ-ում տեղի է ունեցել Վաշինգտոնում՝ ՀՀ դեսպանությունում կազմակերպված ընդունելությամբ: Ներկա են եղել ԱՄՆ պետքարտուղարի՝ քաղաքացիական անվտանգության, ժողովրդավարության, մարդու իրավունքների հարցերով տեղակալ Ուզրա Զեյան, կոնգրեսականներ Ֆրենք Փալոնը, Ջեքի Սփիրը, Պետքարտուղարության եւ այլ պետական կառույցների պաշտոնյաներ, Վաշինգտոնում հավատարմագրված դեսպաններ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, ռազմական կցորդներ, Հայ Առաքելական եկեղեցու եւ ամերիկահայ համայնքի ներկայացուցիչներ:
Կանադայում Հայաստանի անկախության 30-ամյակի առթիվ Օտտավայի քաղաքապետարանի դիմաց Հայաստանի դրոշի բարձրացման արարողություն է տեղի ունեցել, որին մասնակցել է Օտտավայի քաղաքապետը: Կանադայում նույնպես Հայաստանի անկախության 30-ամյակին ներկա են եղել օտարերկրյա դեսպաններ, հայկական եւ կանադական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
ՀՀ անկախության 30-ամյակին նվիրված միջոցառում է տեղի ունեցել Լոնդոնի Սուրբ Եղիշե եկեղեցում, որին մասնակցել է Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը: Այն կազմակերպել էր Հայկական համայնքային խորհուրդը ՄԹ-ում ՀՀ դեսպանության եւ ՀԱԵ ՄԹ եւ Իռլանդիայի հայոց թեմի հովանու ներքո:
Բեռլինում ՀՀ անկախության 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը ներկա են եղել ԳԴՀ կանցլերի աշխատակազմի, արտաքին գործերի եւ մի շարք այլ նախարարությունների, երկրամասերի կառավարությունների, գիտակրթական եւ տնտեսական կառույցների, քաղաքական հիմնադրամների բարձրաստիճան պաշտոնյաներ, Բունդեսթագի եւ երկրամասային Լանդթագերի անդամներ, Գերմանիայում հավատարմագրված մի քանի տասնյակ երկրների դեսպաններ, ինչպես նաեւ դիվանագիտական կորպուսի, լրատվամիջոցների եւ հայ համայնքային կառույցների շուրջ 150 ներկայացուցիչներ:
Ելույթով հանդես է եկել ԳԴՀ ԱԳՆ Արեւելյան Եվրոպայի, ՌԴ, Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրների հարցերով քաղաքական տնօրեն Մաթիաս Լյութենբերգը։ Նա դաշնային ԱԳ նախարար Հայկո Մաասի անունից շնորհավորել է անկախության տոնի առթիվ, ընդգծել, որ Գերմանիան Հայաստանի կողքին է լինելու ժողովրդավարացման ճանապարհին, ինչպես նաեւ շարունակելու է աջակցել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին՝ ի շահ տարածաշրջանի ժողովուրդների խաղաղ համակեցության:
Ընդհանրապես Արցախյան 44-օրյա պատերազմի մասին խոսվել է նաեւ այլ երկրների հայկական դեսպանատների կազմակերպած միջոցառումների ժամանակ:
Իսպանիայի Թագավորությունում ՀՀ դեսպանության եւ Իսպանիայում գործող հայկական միությունների կազմակերպած տոնական միջոցառումը առցանց է կայացել: Մասնակցել են Իսպանիայի հայկական միությունները: Հետագա օրերին հոբելյանական առիթով այլ ձեռնարկներ են տեղի ունեցել Իսպանիայի տարբեր քաղաքներում, օրինակ՝ Բարսելոնայի Սանտա Մարիա Ռեյնա եկեղեցու բակում տեղադրվել եւ օծվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի խաչքար:
Խաչքարի բացմամբ է ՀՀ անկախության 30-ամյակը նշանավորվել նաեւ Չեխիայում. հայկական դիվանագիտական կառույցի մասնակցությամբ այն դրվել է Կրալուպի Նադ Վլտավոու քաղաքի կենտրոնական պուրակում:
Անկախության 30-ամյակն ինքնատիպ են նշել Նիդերլանդներում. նիդերլանդցի գործարարներին են ներկայացվել Հայաստանի ներդրումային միջավայրը եւ տնտեսական ներուժը: Շնորհանդեսն առցանց իրականացրել է «Էնթերփրայզ Արմենիա»-ն:
Ֆրանսիայի Կլամար քաղաքի կոնսերվատորիայի Շառլ Ազնավուրի անվան համերգասրահի բացման հանդիսավոր արարողությունը եւ Դրանսի քաղաքի մշակութային կենտրոնում Հայոց ցեղասպանության վերաբերյալ ֆիլմի ցուցադրություն-քննարկումը համընկել են անկախության 30-ամյակի օրերին։ Ֆրանսիայում Հայաստանի անկախության տոնի ամենանշանակալից դրվագը թերեւս Մակրոնի հայերեն շնորհավորանքն էր:
Ռուաստանում Հայաստանի անկախության տոնը նշել են մի շարք միջոցառումներով: Դեսպանատանը կազմակերպված ընդունելությանը Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Պանկինը նշել է երկու պետությունների հարաբերությունների դաշնակցային բնույթը եւ անդրադարձել գործունեության առանցքային ոլորտներում ռուս-հայկական փոխգործակցության խնդիրներին:
Միջոցառմանը ներկա են եղել Ռուսաստանի Դաշնությունում հավատարմագրված դեսպաններ եւ դիվանագետներ, օտարերկրյա պետությունների ռազմական կցորդներ, միջազգային եւ տարածաշրջանային կազմակերպությունների եւ Ռուսաստանի Դաշնության տարբեր պետական մարմինների ներկայացուցիչներ:
Մոսկվայում «Երկու ժողովուրդների Մարշալ Բաղրամյան» հուշարձանի բացման արարողությունը նույնպես անկախության 30-ամյակն է խորհրդանշել: Անկախության տոնը Ռուսաստանում նշանավորվել է ցուցահանդեսներով, երկու ժողովուրդների բարեկամությունը նշանավորող բազմաթիվ ձեռնարկներով: ՀՀ դեսպանատան եւ Եկատերինբուրգում ՀՀ հյուպատոսության ջանքերով «Բորիս Ելցին» կենտրոնի ճակատն ու Եկատերինբուրգի «Իսետ» աշտարակը լուսավորվել են ՀՀ դրոշի գույներով:
Բուլղարիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Եդիգարյանի հովանու ներքո այդ երկրում կայացել է ՀԲԸՄ Սոֆիայի կամերային նվագախմբի, մենակատարներ Հասմիկ Հարությունյանի (Հայաստան) եւ Իվայլո Միխայլովի (Բուլղարիա) համերգը՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության եւ Բուլղարիայի Հանրապետության անկախության տոներին:
Հոկտեմբերի 5-ին տոնի առթիվ Ուկրաինայում ընդունելություն էր կազմակերպել ՀՀ դեսպանությունը, որին մասնակցում էր մոտ 100 մարդ Ուկրաինայի բոլոր մարզերից:
Հայաստանի անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով: Դեսպանատան ջանքերով անկախության օրը եռագույնով է լուսավորվել նաեւ Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի Գեզիրի աշտարակը: Եգիպտոսի հայ համայնքի ներկայացուցիչները Նեղոս գետի վրայով նավարկել են ու ավելի մոտիկից դիտել եւ լուսանկարել աշտարակի եռագույն դրոշը։ Եգիպտական egyptian-gazette.com կայքում տպագրվել է դեսպան Հրաչյա Փոլադյանի հոդվածը:
Հայաստանի մի շարք դեսպաններ անկախության 30-ամյակի առթիվ հարցազրույցներ են տվել այդ երկրների ԶԼՄ-ներին, տպագրել հոդվածներ: «The Japan Times» թերթում լույս է տեսել Ճապոնիայում ՀՀ դեսպան Արեգ Հովհաննիսյանի հոդվածը, իսկ Տոկիոյում Հայաստանի անկախության 30-ամյակը նշանավորվել է այդ քաղաքում բնակվող մի քանի հայուհիների քայլերթով։ Ասակուսա պատմամշակութային թաղամասում նրանք հայկական տարազներով ֆլեշմոբ են անցկացրել՝ անցորդների ուշադրությունը հրավիրելով հայկական թեմայի վրա:
«Հայաստանը, նրա պատմությունն ու հավակնությունները» խորագրով երեք մասից բաղկացած հարցազրույց է տպագրվել Իտալիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանի հետ իտալական հեղինակավոր www.internationalwebpost.org կայքում:
Իտալիայում Հայաստանի անկախության տոնն այս տարի առաջին անգամ նշվել է Վենետիկում: Դեսպան Ծովինար Համբարձումյանի եւ Վենետոյում ՀՀ պատվո հյուպատոս Գագիկ Սարուխանյանի հրավերով Իտալիայի Սենատի փոխնախագահ Պաոլա Տավերնան, ազգային եւ տարածքային իշխանություններ, Մխիթարյան միաբանության հայրեր, Հայ Առաքելական եկեղեցու եւ հայ համայնքի ներկայացուցիչներ այցելել են Վենետիկի Մուրադ-Ռաֆայելյան վարժարան, որտեղ մասնակցել են հոբելյանական հանդիսությանը:
Իրանում Հայաստանի անկախության 30-ամյակը նշել են Թեհրանի Ս․ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում. Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ․ Սեպուհ արք․ Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հանրապետական մաղթանքի, ՀՀ պետական դրոշի օրհնության եւ Սուրբ պատարագի արարողություն, որին համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ մասնակցել է նաեւ դեսպան Արտաշես Թումանյանը:
Անկախության 30-ամյակի առթիվ Սիրիայում ՀՀ դեսպանություն են այցելել ՍԱՀ Ժողովրդական ժողովի Սիրիա-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի անդամները:
Լիբանանում՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Անթիլիասի մայրավանքում, ՀՀ անկախության 30-ամյակի առթիվ կատարվել է Հանրապետական մաղթանք, որին մասնակցել են նաեւ դեսպանատան աշխատողները:
Հայաստանի անկախության տոնին հաջորդել է Արցախյան 44-օրյա պատերազմի տարելիցը, եւ ՀՀ դիվանագետները մեկ շաբաթ հետո հիշատակի եւ սգո միջոցառումներով կրկին աշխարհի ուշադրությունն են հրավիրել Հայաստանի վրա:
Նյութի աղբյուրներ՝ Հայաստանի դեսպանատների թողարկած նյութեր
Երբ լրագրողական աշխատանքի բերումով սկսում ես որոնել՝ որտե՞ղ է թաղված շան գլուխը, եւ հընթացս պարզում՝ որտե՞ղ են ձմեռում խեցգետինները, ուրեմն ճիշտ ճանապարհին ես։