Ֆրանսիայում հրապարակվել են վերջին 7 ամսում շուրջ 22 միլիոն մարդու տվյալների վրա հիմնված կորոնավիրուսային լայնածավալ հետազոտության արդյունքները:
Ըստ Epi-Phare ընկերության այդ ուսումնասիրության՝ երկրորդ դեղաչափը ստանալուց 14 օր անց հետազոտողները նկատել են հոսպիտալացման ռիսկի նվազեցում ավելի քան 90 տոկոսով:
France-Presse-ը նշել է, թե հետազոտությունները ցույց են տվել, որ կորոնավիրուսի դեմ պատվաստումը հատկապես 50 տարեկանից բարձր մարդկանց դեպքում նվազեցնում է հոսպիտալացման եւ մահվան ռիսկը։ Այն նաեւ արդյունավետ է «Դելտա» շտամի նկատմամբ:
Epi-Phare կենտրոնի տնօրեն, համաճարակաբան Մահմուդ Զուրեիկը նշել է, թե դա նշանակում է, որ պատվաստված մարդկանց համար 9 անգամ ավելի փոքր է մահվան եւ հոսպիտալացման ռիսկը, քան չպատվաստվածների։
Նման եզրահանգման գալու համար Epi-Phare-ի հետազոտողները 50 եւ ավելի բարձր տարիքի 11 միլիոն պատվաստված անձանց տվյալները համեմատել են նույն տարիքում 11 միլիոն չպատվաստված մարդկանց տվյալների հետ՝ նախորդ տարվա դեկտեմբերի 27-ից մինչեւ 2021-ի հունիսն ընկած ժամանակահատվածում:
Հետազոտությունները վերաբերում են Pfizer-BioNtech-ի, Moderna-ի եւ AstraZeneca-ի պատվաստանյութերին: Պատվաստանյութի արդյունավետությունը «չի նվազել հետազոտության ընթացքում, որը տեւել է մի քանի ամիս»:
Epi-Phare կենտրոնից հավաստիացրել են, որ հետազոտությունները շարունակվում են, եւ ամիսներ անց նոր տվյալներ կհրապարակվեն: