Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ Իսրայելի Յավնե քաղաքում հնագիտական պեղումները բացահայտել են բյուզանդական շրջանի մասշտաբային արդյունաբերական համալիր, որում տարեկան մինչեւ երկու միլիոն լիտր գինի է արտադրվել։
Իսրայելի Հնությունների վարչության տվյալներով՝ հայտնաբերված գինու գործարանը կառուցվել է ժամանակի առաջադեմ տեխնոլոգիաներով։ Հայտնաբերվել են գինու հինգ հրաշալի մամլիչներ՝ 225 քառակուսի մետր մակերեսով, գինու հնեցման պահեստներ եւ այլն։
Պեղումների ղեկավարներին՝ դոկտոր Էլի Հադդադին, Լիաթ Նադավ Զիվին եւ դոկտոր Յոն Սելիգմանին զարմացրել է գինեգործարանի՝ արդյունաբերական հզորության փաստը։
Դատելով գինու մամլիչի արտադրական հզորություններից՝ տարեկան վաճառվել է մոտ երկու միլիոն լիտր գինի, այն դեպքում, երբ ամբողջ գործընթացը կատարվել է ձեռքով։ Գտածոն վկայում է, որ քաղաքը մեկուկես հազար տարի առաջ համաշխարհային գինեգործության կենտրոններից մեկն է եղել։
Յավնե քաղաքի իշխանությունները մտադիր են հնավայրի տեղում հնագիտական այգի ստեղծել, որը բաց կլինի զբոսաշրջիկների համար: