Երեւանի բոլոր բնակիչները, որոնք տանը կամ բակում շուն կամ կատու են պահում, նոյեմբերի 1-ից պարտադիր պետք է հաշվառեն իրենց կենդանիներին։ Այս մասին որոշում է կայացրել Երեւանի ավագանին՝ փոփոխություն մտցնելով «Երեւան քաղաքում ընտանի կենդանիներ պահելու եւ հաշվառելու կանոնները հաստատելու մասին» որոշման մեջ։
Երեւանում տնային կենդանիների պահման կանոններում սահմանվել են մի քանի կետեր, որոնք վերաբերում են ընտանի կենդանիների հաշվառման գործընթացին, անասնաբուժական սպասարկման վերաբերյալ պահանջին եւ թույլտվությունների տրամադրման գործընթացին: Համաձայն դրա՝ տերերը պարտավոր են գրանցել իրենց շներին եւ կատուներին վարչական շրջանների աշխատակազմերում, ինչի համար կլինեն հատուկ աշխատակիցներ:
Տնային կենդանիներ պահելու թույլտվություն ստանալու եւ հաշվառելու համար պետք է ներկայացնել կենդանու պահանջվող պատվաստումների եւ նույնականացման մասին տեղեկություններ պարունակող անանսանաբուժական անձնագիրը: Նույնականացումն իրականացվելու է անասնաբուժական կլինիկաներում՝ աշխարհում վաղուց ընդունված դաջվածքի կամ միկրոչիպի միջոցով: Չիպավորումը հնարավորություն է տալիս պարզելու կենդանու տվյալները, բժշկական միջամտություններն ու տիրոջ ով լինելը:
Կենդանիներին տանը պահելու թույլտվություն ստանալու եւ հաշվառելու համար քաղաքացիներից գումար առայժմ չի պահանջվելու. սահմանված տեղական տուրքը չի գանձվի ո՛չ այս, ո՛չ էլ հաջորդ տարի: Հետագայում տարեկան տուրք գանձելու դեպքում էլ արտոնություն է տրվելու որդեգրված կենդանիների տերերին՝ որպես որդեգրումը խրախուսող մեխանիզմ։ Սակայն այն քաղաքացիները, որոնք չեն հաշվառի իրենց կենդանիներին, ստիպված կլինեն տուգանք վճարել կանոնների խախտման համար:
Ի դեպ, տարեկան տուրքը նոր բան չէ, այն եղել է մինչեւ 2018 թվականը, ուղղակի գործել է անկանոն։ Միայն 2018-ին գանձվել է 2,5 միլիոն դրամ տուրք։ Դրանից հետո քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ կասեցվել է տուրքի գանձումը։
Նոր կանոնների սահմանումը կարող է նպաստել թափառող կենդանիների քանակի կրճատմանը քաղաքում, քանի որ դրսում հայտնված կենդանիները հաճախ հենց տնային կենդանիների սերունդներն են։ Մինչդեռ ցայսօր տնային կենդանիները բացարձակ չեն վերահսկվում մեր երկրում։
Հաշվառման արդյունքում կունենանք որոշակի պատկեր Երեւանում առկա կենդանիների քանակի վերաբերյալ, կենդանու կորչելու դեպքում կհեշտանան գտնելն ու տիրոջը վերադարձնելը, կենդանուն լքելու դեպքում էլ հեշտ կլինի պարզել, թե ով է եղել անպատասխանատու տերը եւ այլն:
Ներկայում ԱԺ-ում է նաեւ օրենսդրական փոփոխությունների նոր նախագիծ: Ինչպես տեղեկանում ենք Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից, համայնքն իր հերթին նաեւ տարբեր ծրագրեր է նախաձեռնում, որոնց շնորհիվ քաղաքում ձեւավորվում են կենդանիներ պահելու նոր մոտեցումներ, ստեղծվում նոր հարմարություններ:
Տեղեկացնենք, որ ցանկացած քաղաքակիրթ երկրում, որտեղ այսօր թափառող կենդանիներ չկան, առաջին հերթին վերահսկվում են տնային կենդանիները: Դրանց դրսում չհայտնվելուն ու չբազմանալուն նպաստել են հաշվառումն ու վերահսկողությունը:
Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։