Կարճատեւ աշխատանքային այցով Մոսկվա ժամանած Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ հանդիպման ամենակարեւոր հարցը իրավիճակի կարգավորումն է տարածաշրջանում երկարաժամկետ կտրվածքով:
Հայաստանի վարչապետը հանդիպման մեկնարկին հայտարարել է, որ ղարաբաղյան խնդիրը մնում է չկարգավորված: Նա հավելել է, որ խնդրի լուծման, ինչպես նաեւ Հարավային Կովկասում անվտանգության ապահովման հարցում Ռուսաստանն առանցքային դեր է խաղում:
Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանն անդրադարձել են նաեւ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգային, ինչպես նաեւ ինտեգրացիոն միավորումներում հետագա փոխգործակցությանը վերաբերող հարցերի:
Պուտինն ու Փաշինյանը, ըստ Կրեմլի ավելի վաղ տարածած կարճ հաղորդագրության, քննարկել են նոյեմբերի 9/10-ի եւ հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների իրագործման ընթացքը, ինչպես նաեւ տարածաշրջանում կայունության ամրապնդման եւ տնտեսական կապերի հաստատման ուղղությամբ հետագա քայլերը։
Հանդիպումը ընթացել է փակ դռների հետեւում: Այցի շրջանակում միայն հանդիպումն է Վլադիմիր Պուտինի հետ, այլ հանդիպումներ, այդ թվում՝ հայ համայնքի ներկայացուցիչների հետ, ինչպես նաեւ բանակցություններից հետո մամուլի ասուլիս կամ հայտարարություն նախատեսված չեն։
Այս տարվա ընթացքում սա Վլադիմիր Պուտինի ու Նիկոլ Փաշինյանի արդեն չորրորդ դեմառդեմ հանդիպումն է:
Մոսկվայում են նաեւ Արշակ Կարապետյանը եւ Գարեգին Բ-ն: