ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդի եւ ՌԴ արտգործնախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովի՝ Մոսկվայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Ռուսաստանն ԱՄՆ-ին առաջարկել է հանել բոլոր սահմանափակումները, որոնք կողմերը մտցրել են վերջին մի քանի տարիների ընթացքում։ Ռյաբկովի ու Նուլանդի բանակցությունները տեւել են մոտ մեկուկես ժամ։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, անդրադառնալով Վիկտորյա Նուլանդի` Ռուսաստան կատարած այցին, նշել է, որ ՌԴ փոխնախարարի հանդիպման ժամանակ հատուկ ուշադրություն է դարձվել հարցերին, որոնք վերաբերում են միմյանց տարածքներում գործող Ռուսաստանի ու ԱՄՆ-ի արտասահմանյան ներկայացուցչությունների գործունեությանը։
Ռուսական կողմն ընդգծել է, որ թշնամական հակառուսական գործողություններն անպատասխան չեն մնա, սակայն Մոսկվայում չեն ձգտում լարվածության ավելի սրացման: Դրա հետ կապված՝ Ռուսաստանն առաջարկել է հանել բոլոր սահմանափակումները, որոնք երկու կողմերից մտցվել են վերջին մի քանի տարիների ընթացքում։
ՌԴ-ն ընդգծել է, որ Վաշինգտոնի տեւական առճակատումը երկկողմ օրակարգի ու միջազգային եւ տարածաշրջանային սուր խնդիրների համատեքստում կարող է հանգեցնել միայն ռուս-ամերիկյան հարաբերությունների հետագա դեգրադացիայի։
ԱՄՆ-ին կոչ է արվել հարաբերությունների կառուցումը հիմնելու իրավահավասարության եւ միմյանց շահերը հաշվի առնելու սկզբունքների վրա:
Նուլանդը երկօրյա այցով Մոսկվա է ժամանել երկուշաբթի՝ ՌԴ նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովի, նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Կոզակովի եւ Ռուսաստանի իշխանության այլ ներկայացուցիչների հետ հանդիպելու նպատակով:
Ըստ ԱՄՆ պետքարտուղարության՝ Նուլանդը հոկտեմբերի 11-13-ը մի շարք բարձրաստիճան ռուսաստանցի պաշտոնյաների հետ կքննարկի երկկողմ հարաբերություններին, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ համաշխարհային քաղաքական օրակարգին վերաբերող խնդիրները։
Ռուսաստանը 2019-ին Նուլանդի անունը ներառել էր սեւ ցուցակում ՝ արգելելով նրա մուտքը երկիր։ Ըստ բրիտանական Reuters-ի` ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի այցը Մոսկվա հնարավոր է դարձել, երբ Վաշինգտոնն իր սահմանած անհատական պատժամիջոցների ցանկից հանել է Ռուսաստանի քաղաքացիներից մեկին, որի ինքնությունը չի հստակեցվում։ ՌԴ-ն իր հերթին փոխադարձության սկզբունքով Նուլանդի անունը հեռացրել է պատժամիջոցների ենթարկված ԱՄՆ քաղաքացիների ցանկից։