ՌԴ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից հայտնել են, որ Ռուսաստանն ու Եվրամիությունը հերթական հեռավար հանդիպումն են անցկացրել կորոնավիրուսի դեմ պատվաստման հավաստագրերի փոխադարձ ճանաչման հարցի շուրջ:
Հանդիպման ընթացքում նշվել են առաջիկա համատեղ քայլերը. կողմերը մի շարք փորձագիտական խորհրդակցություններ կանցկացնեն կորոնավիրուսի դեմ պատվաստման հավաստագրերի փոխադարձ ճանաչման հիմնական պարամետրերի համաձայնեցման նպատակով:
Սեպտեմբերին Ռուսաստանի առողջապահության նախարարությունը փաստաթղթեր է ուղարկել Եվրամիության ներկայացուցչություն, որոնք եվրոպական կողմը պահանջել էր նախորդ հանդիպման ընթացքում, ճշտել են մամուլի ծառայությունում:
«Պատվաստման հավաստագրերի փոխադարձ ճանաչման շուրջ աշխատանքն ուղղված է Ռուսաստանի քաղաքացիների տեղաշարժման խոչընդոտների վերացմանը ԵՄ-ի տարածքում եւ հակառակը: Այս հարցի շուրջ երկկողմ կոնսուլտացիաները կշարունակվեն»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ: