ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է, որ Հայաստանն ու Իրանն առաջիկայում մտադիր են ստորագրել «Պարսից ծոց–Սեւ ծով» նախաձեռնության վերաբերյալ համաձայնագիր։
«Մենք իրանական կողմի հետ երեկ ենք քննարկել այս հարցը, եւ կարող եմ ասել, որ այս համաձայնագրի առումով իրադարձությունները բավականին արագ են զարգանում, եւ հուսամ` մոտ ապագայում արդեն կունենանք ստորագրված համաձայնագիր այդ ծրագրի շուրջ»,-շեշտել է Միրզոյանը։
Հայաստանի եւ Հնդկաստանի արտաքին դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարները նաեւ նշել են, որ երեւանյան հանդիպումների ընթացքում անդրադարձել են նաեւ տարածաշրջանային այլ տրանսպորտային միջանցքներին վերաբերող, այդ թվում՝ մեծ տարածաշրջանում ենթակառուցվածքների, մասնավորապես «Հյուսիս–հարավ» տրանսպորտային միջանցքին առնչվող հարցեր։
«Քննարկել ենք նաեւ «Չաբահար» նավահանգստի շուրջ ընթացող վերջին դրական զարգացումները, Հայաստանի ու Հնդկաստանի միջեւ ճանապարհային ուղիղ հաղորդակցության հաստատման խնդիրը, ինչպես նաեւ Հայաստանից դեպի հյուսիս` Վրաստանով Ռուսաստան ու գուցե նաեւ դեպի Սեւ ծով տրանսպորտային հետագա տարանցումների հարցը»,– նշել է ՀՀ արտգործնախարարը։
Հնդկաստանի արտգործնախարարն էլ շեշտել է, որ տարածաշրջանային տրանսպորտային ուղիներում Հայաստանի մասնակցությունն էլ ավելի մեծ հնարավորություններ կբացի դրանց այլ մասնակիցների համար։