Ըստ իրանական «ԻՐՆԱ» գործակալության՝ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Զրույցը տեղի է ունեցել Ադրբեջանի եւ Իրանի միջեւ վերջին շաբաթներին սրված հարաբերությունների պայմաններում։
Ընդգծելով պետությունների անկախությունը, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը փոխադարձաբար հարգելու կարեւորությունը՝ Իրանի արտգործնախարարը նշել է, որ Բաքուն եւ Թեհրանը կապված են վաղեմի եւ կայուն հարաբերություններով։ Իրանի արտգործնախարարը նշել է, որ երկու երկրները չպետք է թույլ տան թյուրըմբռնումներ՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է հարաբերությունները տանել ամրապնդելու եւ ընդարձակելու ճանապարհով:
Աբդոլահիանը նշել է, որ Թեհրանում ակնկալում են, թե Գորիս-Կապան ավտոճանապարհով անցնող իրանական բեռնատարների հարցը կլուծվի։
«Թեհրանն ու Բաքուն թշնամիներ ունեն եւ չպետք է հնարավորություն տան, որ այդ թշնամիները փչացնեն երկկողմ հարաբերությունները։ Տարաձայնությունները պետք է կարգավորվեն երկխոսության ու համագործակցության ճանապարհով»,- ասել է Աբդոլահիանը։
Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովն իր հերթին նշել է, որ երկու երկրները բարեկամական հարաբերություններ ունեն, եւ դրանց պահպանումը գերակայություն է Բաքվի համար։ Նա առաջարկել է, որ երկու երկրների մաքսավորները հանդիպեն եւ բեռնատարների տարանցման հարցը քննարկեն:
Իրանի ազգային ռադիոյին տված հարցազրույցում Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն ավելի վաղ հայտարարել էր, որ Իրանը փաստեր ունի, որոնք հաստատում են ահաբեկչական խմբավորումներն Ադրբեջանի տարածք տեղափոխելու մասին տվյալները։
«Իրանը տիրապետում է հետախուզության միջոցով ձեռք բերված նրանց խոսակցությունների ձայնագրություններին»,- շեշտել էր Իրանի ԱԳՆ խոսնակը։
Խաթիբզադեն նաեւ հիշեցրել էր, որ Իրանը կովկասյան զարգացումներում ողջունել է հարեւան երկրների իրավունքների վերականգնումը, մասնավորապես` «Ադրբեջանի իրավունքների վերականգնումը»` Արցախյան պատերազմի արդյունքում։
«Մինչդեռ, մենք կարծում էինք, որ պատերազմը դրան հասնելու ճիշտ եղանակը չէ եւ պնդում ենք դիվանագիտական հարաբերությունների հաստատման անհրաժեշտությունը»,- ասել է նա:
Սաիդ Խաթիբզադեն ընդգծել էր, որ Իրանը եւ Ռուսաստանն են աջակցել անցյալ տարի Ղարաբաղյան պատերազմից հետո պատերազմող կողմերի միջեւ դիվանագիտական բանակցությունների վերականգնմանը։