ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը ներկայացրել է «Աշխատանքային օրենսգրքում եւ Հանրային ծառայության մասին» օրենքում կորոնավիրուսով պայմանավորված փոփոխությունների նախագիծը։
Ըստ այդմ՝ կորոնավիրուսի դեմ պատվաստման հավաստագրի կամ ՊՇՌ թեստի բացասական արդյունքի բացակայության պատճառով աշխատանքի չներկայացած ժամանակահատվածը հանվելու է աշխատողի ստաժից։
Նախարարի տեղակալն ասել է, որ այդ բացակա ժամանակահատվածը չի կուտակվելու որպես արձակուրդ եւ չի համարվելու աշխատանքային ստաժ:
Սարգսյանը հավելել է, որ նույն պատճառով 30 օր աշխատանքի չներկայանալու պարագայում գործատուն իրավունք կստանա լուծելու աշխատանքային պայմանագիրը։ Ըստ նախագծի՝ պայմանագիրը կարող է լուծվել նաեւ, եթե աշխատողի բացակայությունները 1 տարվա ընթացքում կազմեն 50 եւ ավելի օր։
Կթեստավորվեն ամիսը երեք անգա՞մ
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել է, որ նախարարությունը դիտարկում է չպատվաստված անձանց՝ պարտադիր թեստավորման ժամկետի՝ 14 օրը մեկ թեստ հանձնելու փոփոխման հարցը:
Նա նշել է, որ թեեւ հոկտեմբերի 14-ից գործող նոր կարգի համաձայն՝ չպատվաստված քաղաքացիները պետք է իրենց հաշվին թեստ հանձնեն 14 օրը մեկ, սակայն եվրոպական մի շարք երկրների փորձը դիտարկելով՝ նախարարությունում մտածում են թեստավորման պահանջի համար ավելի նվազ ժամկետ սահմանել՝ ֆիլտրն ուժեղացնելու միտումով:
Այլ կերպ ասած՝ չի բացառվում, որ որոշում ընդունվի՝ աշխատանքի գնացող չպատվաստված անձինք քովիդի դեմ թեստ հանձնեն ոչ թե 14 օրը մեկ, այլ 10 օրը մեկ՝ ամիսը երեք անգամ:
Աշխատանքի ներկայանալիս թեստի բացասական պատասխան կամ պատվաստումը հաստատող փաստաթուղթ չներկայացրած քաղաքացիները կտուգանվեն 10-20 հազար դրամի, իրավաբանական անձինք՝ 40-120 հազար դրամի չափով: