ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների եւ հետախուզական ծառայությունների ղեկավարների 17-րդ խորհրդակցության բացմանը հայտարարել է, որ ԱՊՀ երկրները կենսանվտանգության խնդրի շուրջ համագործակցությունը պետք է ակտիվացնեն ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների լաբորատորիաների աշխատանքի պայմաններում:
«Այս ուղղությամբ համատեղ աշխատանքի կարեւորությունը մեծանում է, քանի որ չկան մեխանիզմներ, որոնց շնորհիվ հնարավոր կլինի ապահովել ԱՄՆ-ի ու դրա դաշնակիցների հովանու ներքո տարբեր երկրներում գործող կենսաբանական հետազոտությունների թափանցիկությունն ու ստուգելիությունը»,- շեշտել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը:
Պատրուշեւը ԱՊՀ գործընկերներին կոչ է արել կենսաբանական ու թունավոր զենքի արգելման մասին կոնվենցիայի շրջանակում աջակցել բազմակողմանի համապարփակ մեխանիզմի ստեղծմանը:
Ըստ նրա՝ կենսանվտանգության ոլորտում երկկողմ միջկառավարական հուշագրերի համաձայնեցման եւ իրականացման ուղղությամբ աշխատանքն անհրաժեշտ է շարունակել: