ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի տվյալներով՝ Հայաստանում ընդհանուր առմամբ ժամանակավոր տեղակայման վայրերում ներկայում ապրում է շուրջ 5300 արցախցի ընտանիք (մոտ 20430 մարդ):
Շտաբի համակարգող Միքայել Վիրաբյանը հայտարարել է, որ տեղահանված արցախցիների համար տներ կկառուցվեն ոչ թե Հայաստանում, այլ միայն բուն Արցախում։
Վիրաբյանը հիշեցրել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքների բնակիչների, ինչպես նաեւ զոհվածների, անհայտ կորածների եւ 1-ին խմբի հաշմանդամների ընտանիքների բնակարանային ապահովման վերաբերյալ Արցախի կառավարության՝ 2021-ի հուլիսին ընդունած որոշումը:
Ըստ այդմ, նախատեսվում է Արցախի քաղաքներում կառուցել 1200 բազմահարկ շենք, գյուղերում՝ մոտ 2300 սեփական տուն։ Ընտանիքների միջեւ բաշխումն իրականացվելու է 1 անձի համար 16 քմ հաշվարկով: Ծրագիրը կյանքի կկոչվի Արցախի բյուջեի եւ ՀՀ դոտացիաների միջոցներով։
Վիրաբյանը շեշտել է, որ Արցախում հայկական բնակչության պահպանման հարցը կլուծվի՝ անտուն մնացած արցախցիներին հենց Արցախում բնակարան տրամադրելով: