ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունից հայտնել են, որ Շիրակի մարզպետարանի ենթակայությամբ գործող «Գյումրիի Վ. Աբաջյանի անվան ընտանեկան բժշկության կենտրոն» պոլիկլինիկա ՓԲ ընկերության մի խումբ բուժաշխատակիցներ, 2021-ի ապրիլից սկսած, Շիրակի մարզում եւ Հայաստանի այլ տարածքներում բնակվող ավելի քան 700 քաղաքացիների սահմանված դեղատեսակներով եւ դեղաչափերով պատվաստելու փոխարեն կազմել եւ հաստատել են կորոնավիրուսային հիվանդության դեմ ամբողջական պատվաստված լինելը հավաստող կեղծ փաստաթղթեր՝ հավաստագրեր, որոնք մուտքագրել են էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական «ԱՐՄԵԴ» համակարգ:
Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ բժշկական սպասարկում իրականացնող աշխատակիցները նշված գործողությունների համար յուրաքանչյուր քաղաքացուց ստացել են 5000-10000-ական դրամի չափով կաշառք, իսկ պատվաստանյութերը ոչնչացվել են:
Մեկ տասնյակից ավելի խուզարկություններով հայտնաբերվել եւ առգրավվել են քաղաքացիների կողմից որպես կաշառք տրված գումարները, ձեռք են բերվել այն անձանց տվյալները պարունակող ցուցակները, որոնք փաստացի պատվաստված չլինելու պայմաններում ստացել են կեղծ հավաստագրեր:
Վերոնշյալ գործով ձերբակալվել են նույն բժշկական հաստատության վեց աշխատակիցներ, որոնք տվել են խոստովանական ցուցմունքներ`տեղեկություններ ներկայացնելով ինչպես կիրառված հանցավոր մեխանիզմի, այնպես էլ որպես կաշառք ստացած գումարների եւ փաստացի կեղծ հավաստագրեր ստացած անձանց վերաբերյալ: