Ադրբեջանն ազատ է արձակել ՀՀ Սյունիքի մարզում՝ Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական ուժայինների կողմից շուրջ 1 ամիս առաջ ձերբակալված իրանցի վարորդներին։
Ըստ իրանական Mehr գործակալության՝ Բաքուն իրանցի վարորդներին ազատ է արձակել Ադրբեջանի եւ Իրանի արտաքին գործերի նախարարների միջեւ հեռախոսազրույցից մեկ օր անց:
«Անցյալ գիշեր կայացած հեռախոսազրույցում Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովին ասել էր, որ չպետք է խաթարվեն բարեկամական հարաբերությունները Թեհրանի եւ Բաքվի միջեւ»,- հայտնել է գործակալությունը:
Fars News Agency-ն նշել է, որ Բայրամովի եւ Աբդոլահիանի երեկվա հեռախոսազրույցից հետո պաշտոնական Թեհրանը հույս ունի, որ Գորիս-Կապան ավտոճանապարհով անցնող իրանական բեռնատարների խնդիրը կլուծվի:
Սեպտեմբերի 9-ից ՀՀ Սյունիքի մարզի Որոտան գյուղի մոտ ադրբեջանական ոստիկանության հենակետ է տեղակայվել՝ պատճառաբանությամբ, որ ճանապարհի այդ մասը խորհրդային քարտեզներով Ադրբեջանինն է։ Սեպտեմբերի 11-ից ադրբեջանցիները ելքի ու մուտքի տուրքեր են պահանջում իրանական բեռնատարներից։ Սեպտեմբերի 15-ին նրանք ձերբակալել էին իրանական երկու բեռնատարի վարորդների՝ Արցախ ապօրինի բեռներ տեղափոխելու մեղադրանքով։
Թարմացում
Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեն հայտարարել է, որ Գորիս-Կապան ավտոճանապարհին ձերբակալված իրանցի վարորդների նկատմամբ հետաքննությունը շարունակվում է, նրանք չեն վերադարձվել իրենց երկիր:
Իրանցի վարորդներին ազատ արձակելու մասին տեղեկության՝ իրականությանը չհամապատասխանելու մասին գրել են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի տարածած հաղորդագրությանը: