Հայաստանը հիշո՞ւմ է, թե արցախյան հակամարտության տարբեր տարիներին ադրբեջանցիներն ինչ բանաձեւեր էին փորձում անցկացնել միջազգային տարբեր վեհաժողովներում։ Անկասկած հիշում է։
Հայաստանում որեւէ մեկի մտքով չի անցե՞լ, որ կա ադրբեջանցիների բողոքելու ժամանակը եւ ադրբեջանցիներից բողոքելու ժամանակը։ Հիմա այդ ժամանակն է։ Հիմա մենք պահանջում ենք, որ ադրբեջանցիները վերադարձնեն մեր գերիներին։ Հայաստանում չկա որեւէ քաղաքական ուժ, որը կարողանա բացատրել, թե ինչու պիտի Ադրբեջանը վերադարձնի մեր գերիներին։ Ինչպես գրեթե չկար մի քաղաքական ուժ, որը ժամանակին կարողանար ասել, թե ինչու մենք պետք է վերադարձնենք ադրբեջանցիներից գրաված 7 շրջանները։
Երեկ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը խորհրդարանում դժգոհում էր, թե «Նիկոլ Փաշինյանը երաշխիք չի տալիս, որ Քաշաթաղի եւ Շուշիի շրջանի գյուղերը որեւէ կարգավիճակով չեն հայտնվի Ադրբեջանի վերահսկողության տակ»։ Ինչո՞ւ պիտի երաշխավորի։ Ինչպես ժամանակին մի քաղաքական գործիչ էր ասում՝ այդ գյուղերը Փաշինյանի գրպանո՞ւմ են։ Դեռ պետք է ուրախ լինեք, որ Ադրբեջանը եւս մեկ պատերազմ չի նախաձեռնում ու հենց պատերազմով չի վերցնում այդ գյուղերը։
Ժամանակին պարոն Աբրահամյանի երկրպագած քաղաքական ուժը՝ ՀՀԿ-ն, կամ դրա առաջնորդ Սերժ Սարգսյանը ինչո՞ւ որեւէ հարցով զիջման չգնացին, ինչո՞ւ հող չպատրաստեցին, որ Ադրբեջանն այսօր հիմքեր չունենա իրեն ոչմիթիզականի նման պահելու։
Խորհրդարանական ընդդիմությունը որեւէ մեկի վրա մուննաթ գալու իրավունք ուղղակի չունի։ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գեւորգյանը Տիգրան Աբրահամյանի հարցմանը, թե «թե արդյո՞ք վարչապետը երաշխավորում է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների իրականացման շրջանակներում Արցախը Հայաստանին կապող նոր ճանապարհի այնպիսի երթուղի չի հաստատվի, որի պայմաններում Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքը, Սուս եւ Աղավնո գյուղերը, ինչպես նաեւ Շուշիի շրջանի Լիսագոր, Եղծահող, Հին շեն, Մեծ շեն, Կանաչ Թալա, Տասը վերստ գյուղերը որեւէ կարգավիճակով չեն հայտնվի Ադրբեջանի վերահսկողության տակ», պատասխանում է, որ «նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի 2-րդ ենթակետի շուրջ բանակցություններ չեն ընթացել»։
Պարոն Աբրահամյանը, որը նաեւ վերլուծաբանի համբավ ունի, շտապում է եզրակացնել, որ «իշխանությունը կա՛մ արդեն պայմանավորվել է այդ տարածքների կամ դրա մի մասի հանձնման հետ, կա՛մ չունի վստահություն, որ հետագա բանակցություններում կարողանալու է այդ համայնքների շուրջ արդյունավետ բանակցություններ վարել՝ դրանք պահել հայկական վերահսկողության ներքո»։
Նկատեցի՞ք մանիպուլյացիան՝ արդեն պայմանավորվել է այդ տարածքների կամ դրա մի մասի հանձնման հետ։ Իսկ ո՞վ կարող է երաշխիք տալ։ Գոնե տեղյա՞կ եք, որ Փաշինյանը վաղուց ոչինչ չի որոշում։ Միակ բանը, որ նա հիմա կարող է անել, ձեզ հետ «իշխանություն-ընդդիմություն խաղալն է։ Ինչպես հին հայկական լեզվում է ասվում՝ դուք ո՞ւմ եք հարիֆի տեղ դնում։
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: