1921 թվականի այս օրը՝ հոկտեմբերի 13-ին, Կարսում ավարտվեց եւ ստորագրվեց հայ-թուրքական սահմանները հաստատող պայմանագիրը։
Հաղթական Քյազիմ Կարաբեքիր փաշան Ռուսաստանի ներկայացուցիչ Յակով Գանեցկուն ու անդրկովկասյան երեք հանրապետությունների բոլշեւիկ պատվիրակներին սպասում էր Կարսի իր նստավայրում:
Արդեն գրեթե մեկ տարի քաղաքը քեմալականների ձեռքում էր: 1920 թվականի դեկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Կարաբեքիրի ու Ալեքսանդր Խատիսյանի ստորագրած Ալեքսանդրապոլի դաշնագրում թեեւ ասվում էր, որ «Կարսի նահանգը եւ Սուրմալուն համարվում են վիճելի մինչեւ երեք տարի, որի ընթացքում հայոց կառավարությունը կարող է հայտարարել հանրաքվե` որոշելու այդ նահանգների վերջնական բախտը», սակայն ինչպես Կարսի եւ Սուրմալուի, այնպես էլ Նախիջեւանի ճակատագիրը կանխորոշել էր 1921-ի մարտի 16-ին Մոսկվայում կնքված ռուս-թուրքական պայմանագրով:
1921 թվականի սեպտեմբերի 26-ին Կարս ժամանած պատվիրակության պատվին կայարանում տրվեց զորահանդես ու պատվո պահակ, որից հետո Գանեցկին, Հայաստանի արտգործժողկոմ Ասքանազ Մռավյանը, ներքգործժողկոմ Պողոս Մակինցյանը Ադրբեջանի ու Վրաստանի ներկայացուցիչների հետ այցելեցին Կարաբեքիրին:
Նույն օրը երեկոյան Կարսի նախկին նահանգապետի բնակարանում բացվում է խորհրդաժողովը: Տան առաջ բացվող հրապարակը լուսավորված էր ջահերով, զինվորական վաշտերը պատրաստ էին ողջույնի: Առաջինը խորհրդաժողովի դահլիճ էր մեկնել թուրքական պատվիրակությունը:
Բացման պատիվն ու առաջին ճառի իրավունքը տրված էր Կարաբեքիրին. «Թուրք ժողովուրդը կապիտալիստ եւ իմպերիալիստ պետությունների պարտադրած Սեւրի պայմանագիրը չի ճանաչում: Մոսկվայում հիմքերը դրված դաշնագիրը կրկին հաստատելը նշանակում է մշտատեւ եղբայրություն Արեւելքում»:
Ապա բացման խոսքի իրավունք է տրվում Գանեցկուն։ Նա հայտարարում է, թե Կարսում լուծվելու է մի կարեւոր ու մեծ խնդիր. «Փառապանծ թուրք եւ հայ ժողովուրդները ոչ թե խոսքով, այլ գործով ցույց կտան, որ ընդմիշտ վերացած է նրանց փոխադարձ թշնամությունը: Նրանք ոչ թե թաքցրած սրերով են մոտենում միմյանց, այլ եղբայրական ջերմագին սիրո»:
Անդրկովկասյան երեք պատվիրակությունների կողմից բացման ելույթի համար ընտրվել էր Ասքանազ Մռավյանը: Դիմելով «թուրք մեծապատիվ պատվիրակներին»` Մռավյանը հավաստիացնում է, որ իրենք Կարս են եկել «ոչ թշնամական զգացումներով»: Մռավյանն ասում է. «Մենք այս խորհրդաժողովին եկել ենք ոչ որպես հաղթողներ ու հաղթվածներ: Անդրկովկասյան ժողովուրդները համոզված են, որ ներկա խորհրդաժողովը կտա մեզ թուրք ժողովրդի հետ բարեկամության եւ եղբայրության դաշինքի ամուր հիմքեր»:
Խորհրդաժողովի առաջին նիստի ավարտից հետո ու երեկոյան Կարսի մահմեդականներն ու զինվորականները մեծ ցույց են կազմակերպում այն բնակարանի առաջ, որտեղ իջեւանել էր Գանեցկին: Ռուս ներկայացուցչի ճառից հետո մահմեդական ազգաբնակչությանը դիմում են նաեւ Մռավյանն ու վրացի եւ ադրբեջանցի ներկայացուցիչները: «Այլեւս երկու հարեւան ազգերի միջեւ արյունահեղություն չպիտի լինի: Եկել ենք բարեկամության հիմքեր հաստատելու ձեզ հետ»,- ասում է Մռավյանը: Բոլոր ճառերն ընդմիջվում էին «խանդավառ ուռաներով», իսկ նվագախումբը հնչեցնում էր «Ինտերնացիոնալը»: Ժողովուրդը խանդավառված կոչում էր «կեցցե հաշտությունը», «կեցցե Ռուսաստանը», «կեցցե Հայաստանը»:
Հայ ժողովրդի պատմության ամենատխուր իրադարձություններից Կարսի խորհրդաժողովն ահա այսպիսի տոնակատարության էին վերածել «համաշխարհային հեղափոխության հաղթանակի» համար մարտնչող հայ բոլշեւիկները, որոնք ամիսներ առաջ օգնել էին ռուսներին ու քեմալականներին` տապալելու Հայաստանի Հանրապետությունը: Խորհրդային Հայաստանն իր ստորագրությունն էր դնում մի փաստաթղթի տակ, որով Թուրքիային էին մնում նաեւ Արեւելյան Հայաստանի հողերից Արդահանը, Կարսի մարզն ու Սուրմալուի գավառը:
Թեեւ Կարսի խորհրդաժողովի արդյունքները կանխորոշված էին, հայ պատվիրակները Գանեցկու միջնորդությամբ փորձեցին հայ-թուրքական սահմանում որոշ փոփոխություններ կատարել հօգուտ Հայաստանի: Սեպտեմբերի 27-ին խորհրդաժողովի երկրորդ նիստում ռուս պատվիրակը ներկայացնում է երկու սահմանային պահանջ, որից առաջինը վերաբերում էր Անիի ավերակներին: «Անին հայերի համար ունի պատմական ու գիտական մեծ արժեք,- Կարաբեքիրին բացատրում է Գանեցկին ու ներկայացնում երկրորդ հողային պահանջը:- Կողբն իր աղի հանքերով ունի համակովկասյան նշանակություն»:
Կարաբեքիրը, սակայն, անդրդվելի էր: Նա ասում է, որ իր պատվիրակությունը որեւէ իրավասություն չունի Մոսկվայի պայմանագրով գծած սահմանների մեջ փոփոխություն կատարելու եւ դրա համար պետք է հրահանգ ստանա Անկարայից: Արեւելյան ռազմաճակատի հրամանատարը սպառնում է դադարեցնել խորհրդաժողովը, որին ի պատասխան Գանեցկին առաջարկում է շարունակել աշխատանքներն այլ հարցերի շուրջ, մինչեւ Անկարայից ստացվի համապատասխան հրահանգ:
1921-ի հոկտեմբերի 13-ին կնքված Կարսի պայմանագրի 5-րդ կետով Երեւանի նահանգի Նախիջեւանի մարզը ինքնավար տարածքի կարգավիճակով դրվեց Ադրբեջանի «խնամակալության ներքո»: Թուրքիան Վրաստանին զիջեց Բաթում քաղաքն ու Սեւ ծովի աջարական հատվածը, սակայն դրա դիմաց ստացավ Սուրմալուի գավառը, Կարսի մարզն ու Արդահանի եւ Արդվինի շրջանները (վերջին երեքի նկատմամբ հավակնություններ ուներ նաեւ Վրաստանը):
1922 թվականի մարտի 20-ին Խորհրդային Հայաստանի պետական բարձրագույն մարմինը` Կենտգործկոմը, հաստատում է 1921-ի հոկտեմբերի 13-ին Թուրքիայի հետ կնքված Կարսի պայմանագիրը, որի վավերացված փաստաթղթերը փոխանակվեցին Երեւանում 1922 թվականի սեպտեմբերի 11-ին:
Կարսի պայմանագրի ստորագրումից մեկ օր անց`1921 թվականի հոկտեմբերի 14-ին, Երեւան են վերադառնում ռուսաստանյան, ադրբեջանական եւ հայկական պատվիրակությունները եւ ուղեւորվում ներկա լինելու Հայկոմկուսի մայրաքաղաքային կազմակերպության ընդհանուր ժողովին:
«Ժողովականները նրանց դիմավորեցին բուռն ծափահարություններով»,- գրում է բոլշեւիկյան մամուլը: Հիվանդության պատճառով ներկա չէր միայն Վրաստանի պատվիրակության ղեկավարը: Գանեցկին հայ բոլշեւիկներին ներկայացնում է խորհրդաժողովի արդյունքները՝ հաստատելով, որ «Կարսի դաշնագրով վերացվում է նաեւ Հայաստանի աշխատավորների թշնամի Խատիսյանի կնքած Ալեքսանդրապոլի պայմանագիրը»:
Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։