Արցախի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը ապատեղեկատվություն է որակել ադրբեջանական ոստիկանության ավտոմեքենայի վրա կրակ բացելու մասին ադրբեջանական կողմի պնդումը։
Արցախի ՊԲ-ն ընդգծել է, որ Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրությունը, ըստ որի՝ հոկտեմբերի 13-ին՝ 14:00-ի սահմաններում, ՊԲ-ի ուժերը իբր կրակ են բացել «ոչ ռազմական բեռներ» տեղափոխող ավտոշարասյանն ուղեկցող ադրբեջանական ռազմական ոստիկանության ավտոմեքենայի վրա եւ վնասել այն, չի համապատասխանում իրականությանը։
ՊԲ-ն շեշտել է, որ ապատեղեկատվությունը նպատակ է հետապնդում ոչ միայն արհեստական լարվածություն ստեղծելու տարածաշրջանում, այլեւ ստվերելու ռուսական խաղաղապահ առաքելության նշանակությունը։
Արցախի ՊԲ մամուլի ծառայությունը հայտարարել է, որ ՊԲ-ի ստորաբաժանումները ամբողջովին հավատարիմ են մնում հրադադարի պահպանման ռեժիմին:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, թե «հայկական զինված ուժերը գնդակոծել են Մատաղիսից (Սուգովուշան) Քելբաջար ուղևորվող ոչ ռազմական բեռներ տեղափոխող ավտոշարասյանն ուղեկցող ռազմական ոստիկանության ավտոմեքենան»: Ըստ այդ հաղորդագրության` «գնդակոծությունից վնասվել է ռազմական մեքենան, զոհեր, վիրավորներ չկան»: